Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/29

Այս էջը հաստատված է

շաբաթ մնալ: Սամսոնի ազգականների մեջ դուք այս տան միակ անկեղծ բարեկամն եք, իսկ այժմ ձեր ներկայությունն այստեղ մինչև անգամ անհրաժեշտ է։

ՍՏԵՓԱՆ. Ինչո՞ւ է անհրաժեշտ։ (Գալիս է Կոստանդինի հետ, նույն հագստով է):
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հուզվելով): Կասեմ, բժի՛շկ, կասեմ։
ՍՏԵՓԱՆ. Ես նկատում եմ, որ վերջին անգամ քաղաք գնալուց հետո դուք առհասարակ տխուր եք։ Կարելի՞ է իմանալ ինչ է պատահել։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Պատահել է այն, ինչ որ ես վաղուց կասկածում էի։ Բայց մի անգամ էլ պետք է ստուգել։ Բժիշկ, տվեք ինձ ազնիվ խոսք, որ իմ մի հարցին կպատասխանեք ամենայն անկեղծությամբ։
ՍՏԵՓԱՆ. Ի՞նչ բանի է վերաբերում ձեր հարցը։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Իմ աղջկա ճակատագրին։
ՍՏԵՓԱՆ. (Զարմացած): Ճակատագրի՞ն անգամ։ Այդ ի՞նչ կարող է լինել։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Տալի՞ս եք խոսք, որ կպատասխանեք իմ հարցին,
ՍՏԵՓԱՆ. Դուք այնպիսի բան եք պահանջում, որ ես չեմ կարող մերժել։ Արմենուհու ճակատագիրն ինձ համար այնքան թանկ է, որքան ձեզ համար։ Հարցրեք ինչ կամենում եք։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Դողդոջուն ձայնով): Ի՞նչ եք կարծում, բժիշկ, իմ փեսան, Սամսոն Ալաղյանը ազնի՞վ մարդ է։
ՍՏԵՓԱՆ. Ի՞նչ։ Ձեր հարցը տարօրինակ է։ Չեմ հասկանում:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կհասկացնեմ, բարեկամս, կհասկացնեմ։ Ո՞վ է այն անառակ... Բայց, սպասեցե'ք, կարծեմ գալիս են։ Գնա՜նք իմ սենյակը։ Այնտեղ կբացատրեմ։ Գնա՜նք. (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):
ՍՏԵՓԱՆ. (Հետևում է Կոստանդինին):