Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/31

Այս էջը հաստատված է

ՎԻՐԳԻՆԵ. (Մեկուսի): Բարեբախտաբար։ (Սիրանույշին): Սիրո՞ւմ եք ձեր ամուսնուն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ժպտալով): Չգիտեմ։
ԵՂԻՍԱԲԵԹ. Իսկ նա, իհարկե, սիրում է ձեզ։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այդ մասին էլ չեմ մտածում։ Ամուսինս է, իհարկե, օրենքով պարտավոր է սիրել։ Միայն մեր գաղափարները իրար հակառակ են, երբեմն վիճում ենք։ (Ինքնագոհ): Բայց միշտ ես եմ հաղթում։
ՎԻՐԳԻՆԵ. Իսկ և իսկ ինձ նման։ Բարի մարդ է, երևի։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Շատ բարի, բայց դյուրագրգիռ է։
ԵՂԻՍԱԲԵԹ. Լավ պահեցեք, բարի մարդիկ թույլ են լինում։
(Խորհրդավոր ժպտում է):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ես դրանից իսկի չեմ վախենում։ Ոչ ոք չի կարող իմ ամուսնուն ձեռքիցս խլել։
ՎԻՐԳԻՆԵ. (Խորհրդավոր ժպտալով) Ո՞վ գիտե...
ԵՂԻՍԱԲԵԹ. (Տեսնելով Արմենուհուն): Ահա՛, հարսս եկավ։

ՏԵՍԻԼ 3


ՆՈԻՅՆՔ, ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՄԵԼԱՆԻԱ


ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով, հագած է ընդունելության բավական շքեղ հագուստ, շատ ճաշակով հարդարած: Թանձր մազերը պահպանվում են գեղեցիկ կրյա սանրով: Կոկորդի վրա մի հնաշեն քորոց)։ Բարև ձեզ, տիկին։ (Ձեռ է տալիս Սիրանույշին սիրալիր և նստում է):
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Մի նախանձոտ հայացքով չափել է Արմենուհուն ոտից մինչև գլուխ): Հմայակը բերեց իր կազմած պլանը ձեր ամուսնուն ցույց տալու, ես էլ կամեցա ձեզ հետ մի քիչ զրույց անել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Շատ ուրախ եմ։ (Մինչ Եղիսաբեթն ու Մելանիտն խոսում են, ձևերով զրույց է անում Սիրանույշի հետ):
ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Եղիսաբեթին): Տիկի՛ն, գյուղացիները յուղը բերել են։