Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/317

Այս էջը սրբագրված է

ՀՐԱԶԴԱՆ. Շատ լավ։ Գեներալն իՆքը ձեզ կտա հարցեր։ Առայժմ դուք բոլորդ երևի հոգնած եք ու անոթի։ ՏԻՐԱՆԻ ԸՆԿ. ՄԵԿԸ․ Երկու օր է ոչինչ չենք կերել։ ՀՐԱԶԴԱՆ. Ալիշան, հրամայիր Զարմայրին դրանց կերակրել և մի ձեռք հագուստ տալ։ ԱԼԻՇԱՆ. Հետևեցեք ինձ։ (Գնում է վանք): (Տիրանի ընկերները հետևում են Ալիշանին):

ՏԵՍԻԼ 12

ՀՐԱԶԴԱՆ և ՏԻՐԱՆ

ՏԻՐԱՆ. (Մնալով անշարժ): ՀՐԱԶԴԱՆ. Դու չե՞ս ուզում հանգստանալ։ ՏԻՐԱՆ. Ասելիք ունեմ։ (Ծոցի գրպանից դուրս է բերում Նիգարի նամակը ու տալիս Հրազդանին): Նիգարիցն է։ ՀՐԱԶԴԱՆ. (Նամակը համբուրելով). Յոթը տարի է չեմ տեսել նրան։ Գեղեցի՞կ է նա առաջվա պես։ (Ուզում է նամակը բաց անել): ՏԻՐԱՆ. Չկա իր նմանը մեր ամբողջ Գավառում։ Հորեղբայր, նամակը կկարդաս հետո. առայժմ ինձ լսիր։ Երկրում ոչ մի հայ ապահով չէ վտանգից, բայց ամենաառաջին վտանգը Նիգարին է սպառնում։ ՀՐԱԶԴԱՆ. (Ցնցվելով)։ Իմ զավակի կյանքի՞ն։ ՏԻՐԱՆ. Ոչ միայն կյանքին, այլև պատվին, հորեղբայր։ ՀՐԱԶԴԱՆ. Ու՞մից է սպառնում այդ վտանգը։ ՏԻՐԱՆ. Մի թուրք սպայից, որ Աբդուրահման փաշայի թիկնապահն է։ ՀՐԱԶԴԱՆ. (Սրտատրոփ): Պատմի՛ր։ ՏԻՐԱՆ. Իմ ուղևորվելու օրն այդ սպան եկավ մեր տունը գրավելու փաշայի համար։ Նա տեսավ Նիգարին և իսկույն հափշտակվեց նրա գեղեցկությամբ։ Լիրբն այնքան հանդուգն եղավ, որ իր գարշելի մտադրությունը չթաքցըրեց։ Մեր մեջ տեղի ունեցավ մի խուլ ընդհարում, որ անշուշտ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Գալոն, իր սովորական խոհեմությամբ։