Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/323

Այս էջը սրբագրված է

յուրաքանչյուր գիտակցական սխալը կարող է անդրադառնալ ձեր ազգի բարոյական վարքի վրա։ ՏԻՐԱՆ. (Նույն համարձակությամբ): Գիտենք, ձերդ գերազանցություն, և խորապես զգում ենք ձեր խոսքերի իմաստը։ Եվ ես ու իմ ընկերները կարող ենք մեր գլխով երաշխավորել, որ յուրաքանչյուր թուրքահայ՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, համակված է խորին սիրով դեպի հզոր Ռուսիան։ Գեներալ, մանկական օրորոցից ենք լսել մեր մայրերից ու տատերից, որ դուք եք արևելյան քրիոտոնյաների հովանավորն ու պաշտպանը դարերից ի վեր։ Հավատացեք, Ձերդ գերազանցություն, որ մենք ամենքս զգում ենք, որ մեր ամեն մի ծառայությունը ձեր հաղթական զորքերին՝ ծառայություն է նախ և առաջ մեր տառապյալ ժողովրդին։ ՀՐԱԶԴԱՆ ՈՒ ԱԼԻՇԱՆ. (Հրճվանքով նայում են Տիրանի վրա և հետո իրար հավանության նշաններ անում): ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. Բրավո՜, բրավո: ԳԵՆԵՐԱԼ. Ուրեմն, կարո՞ղ ենք վստահ լինել, որ ձեր երկրի հայ ազգաբնակությունը մեզ կընդունե բարեկամաբար։ ՏԻՐԱՆ. Գեներալ, ձեր հարցն ինձ իրավունք է տալիս կատարեմ իմ հոր մի պատվերը։ Թույլ կտա՞ք ասել։ ԳԵՆԵՐԱԼ Ասացեք։ ՏԻՐԱՆ. Հրաժեշտիս վայրկյանին, երբ հայրս ինձ օրհնում էր, ասաց. «Գնա, որդի, և ասա ռուսին, որ Թուրքիայի ճնշված ու հալածված քրիստոնեությունը նրանից է սպասում իր ազատությունը։ Ասա ռուս զորաբանակին, որ մեր գոմերն ու շտեմարանները բաց են նրա համար, ինչպես և մեր սրտերը։ Մենք ոչինչ չենք խնայի նրա համար, ոչ կյանք, և ոչ գույք, միայն թե գան և տիրեն մեր երկրին»։ Այս էին բառ առ բառ իմ հոր խոսքերը։ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. (Դարձյալ իրար հավանության նշաններ են, անում): ԳԵՆԵՐԱԼ. Հիանալի է, հրաշալի։ Բայց ո՞վ է ձեր հայրը։ ՏԻՐԱՆ. Մեր նահանգի ամենաազդեցիկ մարդը և մեկը հարուստբկալվածատերերից։ Նրա ընդարձակ ամբարները լի են ցորենով և գարիով, նրա արգավանդ դաշտերը