ԳԱԼՈ. Ես քրիստոնյա եմ և հայ։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. (Սաթենիկին): Անառակ, ինչպե՞ս ես համարձակվել մահմեդական զավակին քրիստոնյա մկրտել։ ՍԱԹԵՆԻԿ. Ես իմ ուզածն եմ արել, այժմ դու էլ քո ուզածն արա։ ԱնԹԱՐ֊ԲԵՅ. (Անհամբեր): Հորեղբայր, դրա ժամանակը չէ, շտապիր։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. (Մտածելով): Համբերիր, թող խելքս գլուխս ժողովեմ։ Այդ մեկն ինձ շփոթեցրեց։ Երդվում եմ, Անթար, մեծ մարգարեի գերեզմանով, որ ես սիրում էի այդ կնոջը և պատրաստ էի նրան զոհել իմ Արհիզարին և Գյուլնիզարին։ Բայց նա համառեց, չկամեցավ մեր սուրը կրոնն ընդունել, մնալ ինձ մոտ, և ես արձակեցի նրան իմ կամքով։ ՍԱԹԵՆԻԿ. Սուտ ես ասում, ծեր աղվես, դու քո հոժար կամքով չարձակեցիր ինձ, զենքի ուժով խլեցին ինձ քո ձեռքից։ Մոռացե՞լ ես, ինչպես էիր դողում սարսափից, երբ հայ քաջերը հարձակվեցին քո վրանների վրա վագրերի պես։ Մոռացե՞լ ես Միհրդատի կատաղի հարվածները։ Չե՞ն թողել նրա տված վերքերը հետքեր քո անարգ մարմնի վրա։ ԱՆԹԱՐ֊ԲԵՅ. Մորեղբայր, ժամանակ մի կորցնիր։ Մերոնք շուտով կմոտենան։ (Գոռալով): Բերեք այդ աղջկան. ապա թե ոչ համբերությունս հատնում է։ ՍԱԹԵՆԻԿ. Բավական է, լիրբ, ասացի, որ այս տանը քեզ համար աղջիկ չկա։ ԱՆԹԱՐ֊ԲԵՅ. (Կամենում է թուրը մերկացնել): Ես քո լեզուն կկտրեմ, շան աղջիկ։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. (Սաստելով Անթար-բեյին, բարձր): Կանգ առ։ Մի՞թե չգիտես, որ ամոթ է կնոջ վրա սուր քաշելը։ Աղջիկը քոնն է ու քոնը, թող վերջին անգամ խոսեմ այդ կամակոր հայերի հետ։ (Սաթենիկին): Երդվում եմ արևովս, հայեր, որ դուք մեզ հետ վարվել չգիտեք։ Ապրելով ուրիշի տանը, դուք կռվում եք տանտիրոջ հետ։ Ի՞նչ եք դուք, որ այդպես գոռոզանում եք։ Ի՞նչ ուժ ունիք, ի՞նչ զորություն։ Ոչինչ։ Իսկ այն ժողովուրդը, որ ուժ չունի,
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/338
Այս էջը սրբագրված է