Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/34

Այս էջը հաստատված է

ՎԻՐԳԻՆԵ. (Սիրանույշին): Դուք ճանաչո՞ւմ եք Մոսկվայում տիկին Մարմառյանին։

ՍԻՐԱՆՈՒՅՇ. Այո։
ՎԻՐԳԻՆԵ. Նա իմ դասընկերն է եղել. ասում են իր մարդուն դավաճանում է, ճի՞շտ է:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Չեմ լսել։
ՎԻՐԳԻՆԵ. Իսկ ես լսել եմ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Կամենալով խոսակցության նյութը փոխել, Սիրանույշին): Տիկին, Պարիզում տեսա՞ք Ռոդենի գործերը։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Մտածելով): (Ռոդեն... Ռոդեն... միտս չէ... այդ
ի՞նչ մարդ է։
ՎԻՐԳԻՆԵ. Կար ու ձևի վարպետ կլինի, մոդիստ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ո՛չ, Վիրգինե, Ռոդենը մեր ժամանակի ամենահանճարեղ արձանագործն է, որին համեմատում են Ֆիդիասի հետ։
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Արձանների մասին ամուսնուս հետ խոսեցեք։ Ախ, այդ ի՞նչ հրաշալի քորոց է։ Կարելի՞ է մոտիկից տեսնել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Քորոցն իր օձիքից պոկելով, տալիս է Սիրանույշին): Համեցե՛ք։
ՍԻՐԱՆՈԻՅՇ. (Հիացած դիտելով քորոցը): Ի՜նչ հազվագյուտ քար է, ի՜նչ պայծառ գույն ունի և ի՜նչ աննման գործ է։ Թա՞նկ արժե։ (Քորոցը տալիս է Արմենուհուն):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Քորոցը իր տեղը կպցնելով): Չգիտեմ, հանգուցյալ մորս հիշատակն է։ Կամենա՞ք, տիկին, վաղն ինձ հետ բարձրանալ կարմիր լեռան, գագաթը արեգակի ծագումը տեսնելու։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Զարմացած): Արեգակի ծագո՞ւմը։ Ի՞նչ եք ասում, մի՞թե մարդ կարող է այդպես վաղ զարթնել:
ՎԻՐԳԻՆԵ. (Չարությամբ): Ինչո՞ւ չէ, կաթնավաճառներն ու հացթուխները զարթնում են։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Կհամենա՞ք։
ՍԻՐԱՆՈԻՅՇ. Ոչ, սիրելիս, անկարող եմ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Այն ժամանակ այս երեկո բարձրանանք արեգակի մայր մտնելը տեսնելու։