մի վայրկյան։ Գնա, տղերանց հայտնիր, որ ես իսկույն ևեթ առաջ եմ շարժվում։
ՏԻՐԱՆ. Լսում եմ։ (Քայլերն ուղղում է դեպի խորքի ձախակողմյան դուռը, բայց հանդիպելով Միլովիդովին, կանգ է առնում):
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Շտապով գալիս է խորքի ձախակողմյան դռնով պատվի նշան է առնում Հրազդանին): Նորին գերազանցությունը գլխավոր հրամանատարից հրաման է ստացել իսկույն ետ նահանջել։
ՀՐԱԶԴԱՆ. (Զայրացած՝ ոտքի ելնելով): Նահանջե՞լ:
ՄԻԼՈՎԻԴՈՎ. Այո։
ՀՐԱԶԴԱՆ. Պատճառը։ ՄԻԼՈՎԻԴՈՎ. Ասում են, որ թշնամին ահագին ուժերով գալիս է մեր դեմ և մենք այնքան զորեղ չենք, որ կարողանանք մեր դիրքերը պահել։
ՀՐԱԶԴԱՆ. Բայց այդ ճիշտ չէ։ Իմ ստացած տեղեկությունները հակառակն են պնդում։ Միլովիդով, ես ձեզ խնդրում եմ ասել այդ անսպասելի նահանջի իսկական պատճառը։
ՄԻԼՈՎԻԴՈՎ. (Տատանվելով): Ես ոչինչ չգիտեմ։
ՀՐԱԶԴԱՆ. Իսկ գեներա՞լը։ ՄԻԼՈՎԻԴՈՎ. Կարծեմ, նա նույնքան գիտե, որքան ես։
ՀՐԱԶԴԱՆ. (Տիրանի հետ փոխանակում է խորհրդավոր մի հայացք): Շատ բարի, հայտնեցեք նորին գերազանցությանը, որ ես իսկույն պատիվ կունենամ նրան ներկայանալու։
ՄԻԼՈՎԻԴՈՎ. Ցտեսություն։ (Պատվի նշան առնելով, գնում է խորքի ձախակողմյան դռնով):
ՀՐԱԶԴԱՆ. (Դանիելին): Կանչիր այստեղ Միհրդատին։
ԴԱՆԻԵԼ. (Գնում է խորքի աջակողմյան դռնով և իսկույն ետ գալիս Միհրդատի հետ):
ՏԻՐԱՆ. Հորեղբայր, այդ ի՞նչ է նշանակում։ Դու հասկանո՞ւմ ես։
ՀՐԱԶԴԱՆ. (Հուզված և խորհրդավոր): Եվ հասկանում եմ, և ոչ։