Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/360

Այս էջը սրբագրված է

սուրբ անունը քահանայի։ Ե՛լ, գնա տարտարոս։ Ինչո՞ւ խանգարես իմ գիշերային պաշտամունքը, հերետիկոս, հեթանոս, ինչո՞ւ, գեհենի ծնունդ։

ԱԼԻՇԱՆ. Տեր հայր, մինչև ե՞րբ անիծես ինձ քո դողդոջուն շրթունքներով, որ կոչված են աղոթելու և օրհնելու։

Զ. ՔԱՀԱՆԱ. Միշտ պիտի անիծեմ քեզ, անիծյալդ անիծելուց, միշտ, քանի որ շունչս բերանումս է, քանի որ իմ տառապյալ հոգին չեմ ավանդել երկնավորին, քանի որ իմ զառամյալ լեզուն չի չորացել։

ԱԼԻՇԱՆ. Բայց ինչու, ո՞ր հանցանքիս համար, տեր հայր, ի՞նչ եմ արել։ (Բեմի այստեղից սկսած հետզհետե լուսավորվում է):

Զ. ՔԱՀԱՆ. Դո՞ւ, անիծյալ, դո՞ւ, գարշելի, դո՞ւ, զազրելի։ (Ցույց է տալիս գաղթականների կարավանը). Նայե, նայե, նայե, իժդ օձի զավակ, նայե, և թող խիղճդ հալածե քեզ հավիտյան։ Ու տանջվիր, տանջվիր, որպես տանջվեց Հուդան, որ երեսուն արծաթի համար մատնեց Որդույն Աստծո։

ԱԼԻՇԱՆ. Ինչո՞ւ, մի՞թե ես եմ բերել ժողովրդին այստեղ:

Զ. ՔԱՀԱՆԱ. Այո, դո՛ւ, դու։

ԱԼԻՇԱՆ. Ես չեմ չա՛ր ճակատագիրը ժողովրդի։

Զ. ՔԱՀԱՆԱ. Ոչ, ոչ, դու ես՝ ինքդ, անօրեն, միայն և միայն ինքդ, ուրիշ ոչ մեկը, ոչ մեկը։ Դու, անհավատ, դո՛ւ, աստծու սուրբ երեսից հրաժարվածդ։ Անիծյալդ անիծելոց, քանի դարեր ապրել է այդ հեզ, այդ քրիստոնասեր, խաղաղասեր, աշխատասեր ժողովուրդն իր հոգևոր հայրերի աղոթքներով ու մաղթանքներով և իր առաքելական եկեղեցու բարձր հովանավորությամբ։ Քանի դարեր մենք պահել-պահպանել ենք նրան երկրային արհավիրքներից և երկնային անեծքներից։ Եկար դու, անարգեցիր սուրբ կոչումդ, դեն ձգեցիր Քրիստոսի սուրբ խաչն ու սուրբ ավետարանը և զենք բարձրացրիր իբրև եղբայրասպան։ Եվ ահա ժողովուրդը կործանվեց, վասնզի աստված քո պատճառով անիծեց նրան իր բարձրությունից։ Անիծեմ քեզ հանուն այդ թշվառների ու տարաբախտների։ Անիծեմ, անիծեմ, անիծեմ։ Հեռո՜ւ, հեռո՜ ւ,