ոսկորները մեկ֊մեկ դուրս կբերեմ գերեզմանից ու քամուն կտամ։
ՄԻՔԱՅԵԼ. (Օձիքը թափ տալով): Պա՜, պա՜, պա՜, ղարաչի ես, Նազանի, ղարաչի։ Դե լավ։ Գնա շլյապադ դիր, եկ տեսնեմ։
ՆԱԶԱնԻ. Ա՛յ, այդպես խելոք խոսիր։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 2
ՄԻՔԱՅԵԼ և ՄԱՏԹԵՈՍ
ՄԻՔԱՅԵԼ. (Մնալով մենակ, շարունակում է գրել ու կարդալ գրածը): «Ժողովուրդ, բան եմ ասում, հասկացիր, հայ ազգը որ կա՝ մի թամբալ լծկան եզ է, մինչև որ չիճիպոտես, գութանը չի քշիլ»։
ՄԱՏԹԵՈՍ. (Գալիս է խորքի դռներով և, տեսնելով հորը ըզբաղված անսովոր գործով, կանգ է առնում դռների մոտ, և մի քանի վայրկյան զարմացած նայում է: Նորաձև հագնված երիտասարդ է, մաքուր սափրված երեսով և կարն կտրած բեղերով):
ՄԻՔԱՅԵԼ. (Գրվածքը դնելով սեղանի վրա, ոտքի է կանգնում): Փորձենք անգիր ասել, «Ժողովո՛ւրդ, բան եմ ասում, հասկացիր, հայ ազգը որ կա՝ մի թամբալ լծկան գոմեշ է... է, կարծեմ գոմեշ չէ։ Ասենք միևնույնն է, գոմեշն էլ եզան եղբայրն է»։ (հանկարծ տեսնում է Մատթեոսին): Հը, ի՜նչ ես խունկի ծառի պես այդտեղ տնկվել։
ՄԱՏԹԵՈՍ. (Առաջ գալով): Պապա՛, ներիր, մի բան եմ ուզում խնդրել։
ՄԻՔԱՅԵԼ. (Սրտմտությամբ): Լա՛վ. գիտեմ, փող ես ուզում։ Ահա ստացիր ամսականդ ու հեռացիր, գործ ունեմ։ (Գրասեղանի արկղից փող է դուրս բերում):
ՄԱՏԹԵՈՍ. Այդ չէ խնդիրս, հայրիկ։
ՄԻՔԱՅԵԼ. Հը, այդ չ՞է։ Լավ։ (Փողը շտապով դնում է արկղիկի մեջ):