Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/391

Այս էջը սրբագրված է

մի սրբիչ և սկսում է բազկաթոռների փոշին վանել: Մաքուր հագնված երիտասարդ աղջիկ է՝ սպիտակ գոգնոցով: Բարկացած է, ուստի սրբիչը զարկում է բազկաթոռներին կատաղի):

ԱՅՎԱԶ. (Գալիս է Սոֆիկից մի քանի վայրկյան հետո, ձախ կողմի դռներով: Մաքուր հագնված երիտասարդ է՝ սափրված երեսով, կարն խուզած մազերով։ Մի քանի վայրկան հետո նայում է Սոֆիկին)։ Զարկի՛ր, զարկի՛ր, մեկ էլ, մեկ էլ։ Հըը, էլի ի՞նչ է պատահել, որ կատաղել ես։

ՍՈՖԻԿ. Քո բանը չէ։

ԱՅՎԱԶ. Ես մեղա՜ աստծու։

ՍՈՖԻԿ. Արի ու այդպիսիներին ծառայիր։ Ամենքը միասին են հիվանդացել։ Կարծես չէին կարող հերթով հիվանդանալ, օրինավոր կանանց պես, մեկը այսօր, մյուսը վաղը...

ԱՅՎԱԶ. (Փռթկալով ծիծաղում է):

ՍՈՖԻԿ. Ինչո՞ւ ես ծիծաղում։

ԱՅՎԱԶ. Պարոններն էլ են հիվանդացել։

ՍՈՖԻԿ. Ամե՞նքը։

ԱՅՎԱԶ. Երկուսը հիվանդացել են, մյուսներին դեռ չեմ տեսել։

ՍՈՖԻԿ. Այ քեզ բա՜ն։ Չլինի՞ թե թունավորվել են:

ԱՅՎԱԶ. Չէէ՜, շատ ուտելուց կլինի։ Առավոտից մինչև երեկո խժռում են։

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ ու ԳՐԻԳՈՐ

ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով): Հա, լավ է, որ երկուսդ էլ այստեղ եք։ Գործ ունեմ։ Այվազ, մտիր հայրիկի սենյակը, տես ինչ է անում:

ԱՅՎԱԶ. Կարող չեմ։

ԳՐԻԳՈՐ. Ինչո՞ւ։

ԱՅՎԱԶ. Կարող չեմ. հրամայված չէ։

ԳՐԻԳՈՐ. Գնա, ասում եմ։ Ես պատասխանատու եմ: