ՄԱԳԹԱՂԻՆԵ. (52—54 տարեկան կին է, դեղնագույն ներկված մազերով. հագնված է հավակնոտ ճաշակով և ոչ համապատասխան իր տարիքին. կանգնած է լուսամուտի առջև)։ Պատճառն ի՞նչ է, որ չես ուզում տալ, ասա, ես էլ իմանամ։
ՊԵՏՐՈՍ. Ասեմ. առաջինը, չեմ ուզում տալ, երկրորդը, չեմ ուզում տալ, երրորդն էլ չեմ ուզում տալ։ Բավակա՞ն է։
ԺՈՐԺ. (32 — 33 տարեկան առողջակազմ, կարմրերես երիաասարդ է, երեսն ամբողջովին սափրած, հագնված է նորաձև): Պապա, վերջին անգամ եմ փող խնդրում. այսուհետև էլ չեմ ուզելու։
ՊԵՏՐՈՍ. (Հեգնական ծիծաղով): Էդ ո՞ր վերջին անգամն է, հե՞ (վեր է կենում): Չէ, բալամ, բավական է որքան տվել եմ, էլ չունեմ, չունեմ, չունեմ։ Թե խելոք տղա ես, գնա քեզ համար գործ ճարիր ու գլուխդ պահիր։ Ես քո տարիքում հորս խզատակին նստած չեմ եղել։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ի՞նչ գործ ճարե. բժի՞շկ է, ինժենե՞ր է կամ մի որևէ արհեստ գիտե՞…
ՊԵՏՐՈՍ. Շոփերություն հո կարող է անել, հե՞, շոփերություն էլի, ոնց որ հանգուցյալ Միխայել Օսիփիչի որդին: Ինչո՞վ է նրանից պակաս կամ ավելի։
ԺՈՐԺ. (Ծիծաղում է): Մամա, լսո՞ւմ ես, պապան ուզում է, որ քո որդին շոֆյոր դառնա, այսինքն կառապան, արաբաչի…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հայելու մեջ նայելով, մազերն ուղղում է): Վույ, աստված մի արասցե… իմ որդին շոֆյոր… ֆիդոն…
ՊԵՏՐՈՍ. Խե՞, մեջքը շիմշադից է, թե՞ մատները չինու մաչինի փարփորից։ Մին մտիկ արա է, կասես, Լոզանի եզ լինի։ Ախպեր, իմ արևը, շոփերությունը լավ բան է, քշիր հա քշիր, համ քեփ արա, համ էլ փող աշխատիր։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Երբեք իմ որդին շոֆյոր չի դառնալ, երբեք։ Ես սովից կմեռնեմ, թույլ չեմ տալ։
ՊԵՏՐՈՍ. Դե մեռիր, հրը… (Մեկուսի): Իմ ուզածն էլ էդ չէ՞… (Ուզում է գնալ աջ կողմի դռնով):
ԺՈՐԺ. (Մեկուսի): Տեր աստված, ես ի՞նչպես կոտրեմ այդ
412