Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/416

Այս էջը հաստատված է

ես կարծում, էդ աղջիկը մի տասը միլիոն դոլար կբերի հետը։

ԺՈՐԺ. Տասը միլիոնն ի՞նչ բան է, դու հարյուր միլիոններից խոսիր։

ՊԵՏՐՈՍ. Բա, բա, բա, ուրեմն Հարուն Ալ Ռաշիդ ես դառնալու էլի։ Դե, իմ ասլան Գևորգ, աշխատիր, որ բանը գլուխ գա։

ԺՈՐԺ. Բանը համարյա թե գլուխ եկած պրծած է, եթե դու չխանգարես։

ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե, ե՞ս:

ԺՈՐԺ. Փող չես տալիս։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո, փող չես տալիս։

ՊԵՏՐՈՍ. էլի՞ փող։

ԺՈՐԺ. Իհարկե, պապա, չէ՞ որ ծախսել է հարկավոր հարսնացվիս համար։ Գիտես, ամերիկուհիները չծախսող կավալերներին արհամարհում են։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես էլ եմ արհամարհում։

ՊԵՏՐՈՍ. Կանֆետի համար ես ասո՞ւմ։

ԺՈՐԺ. Կոնֆետներ, ծաղիկներ, զբոսանք Բուա-դը-Բուլոնում, թեյ, շամպայն և այլն։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հապա, հապա, այդ բոլորն անհրաժեշտ է։ Գիտեմ, շատ լավ գիտեմ։

ՊԵՏՐՈՍ. Դե որ միլիարդերի քրոջ աղջիկ է, էդ ծախսերը ինքը կարող է անել էլի։

ԺՈՐԺ. (Կեղծ զայրանալով): Մամա, լսո՞ւմ ես, դու ինքդ խոսիր։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, անվայել բաներ ես ասում, ինչպե՞ս կարելի է, որ դաման կավալերի համար փող ծախսի։

ՊԵՏՐՈՍ. Ինչո՞ւ չէ, ես էդ կափեներում քի՞չ եմ տեսել դամաներ, որ իրանց կավալերներին փող էլ են տվել։

ԺՈՐԺ. Պապա, դրանք ուրիշ տեսակի դամաներ ու կավալերներ են։ Քեզ նման պատվավոր մարդու որդին չի կարող ալֆոնսություն անել։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Ժորժին): Այ, ես քո ջենտլմեն սրտին մատաղ։ Պետյա, հասկացա՞ր ինչ ասաց։

416