ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ժամանակին կիմանաս, այսօր չեմ կարող ասել…
ԼԻԴԻԱ. Ինչո՞ւ:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Որովհետև… որովհետև… լավ, կասեմ… Գիտես, ժորժը (Ինքն իրեն զսպելով), աման, աման, չէ՛, չէ՛, չեմ կարող… (Մեկուսի): Ինչ դժվար բան է գաղտնիք պահելը:
ԼԻԴԻԱ. Մամա, դու ուզում ես ինձ ուրախացնել, բայց չես կարող, ես հուսահատվել եմ:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Զուր: Տեսնո՞ւմ ես, ես ուրախ եմ, դու էլ սիրտդ ուրախ պահիր: Գիտես, ես այսօր եմ միայն նկատում, որ գլխարկդ հնացել է ու ձևն էլ կորցրել: Մի քիչ փող ունեմ, տամ քեզ, մի նոր գլխարկ գնիր…
ԼԻԴԻԱ. Հարկավոր չէ, մամա, դուք էլ նեղության մեջ եք:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ, ոչ, ես չեմ ուզում, որ դու այդ գլխարկով մեզ մոտ գաս: Գիտե՞ս, այսուհետև մեզ մոտ մեծամեծներ են գալու, ամերիկացիներ, այն էլ ինչ ամերիկացիներ, եթե իմանաս: Սպասիր, ես իսկույն: (Գնում է խորքի աջակողմյան դռնով):
ԼԻԴԻԱ. (Մենակ մնալով, նստում է դաշնամուրի քով և նվագում է ըստ տրամարորության մի ֆրանսիական եղանակ):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերադառնում է խորքի աջակողմյան դռնով, ձեռքին մի քանի թղթադրամներ): Ա՜յ, այդպես նվագիր, ուրախացիր: Ահա, վերցրու, հարյուր հիսուն ֆրանկ է… հարյուր եմ տալիս, վաղը, մյուս օրը հազարներ եմ տալու: Այսօր գնա և իսկույն ևեթ մի նոր գլխարկ գնիր:
ԼԻԴԻԱ. Շնորհակալ եմ, մամա: (Թղթադրամները դնում է իր ձեռքի քսակի մեջ): (Զանգակ):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ահ, հյուր: Դու շտապիր, թե չէ մեծ մագազինները շուտով կփակվեն: Ստյոպայի մասին շատ էլ մի անհանգստանալ:
ԼԻԴԻԱ. (Գնում է դեպի խորքը, դռների մեջ պատահում է Արտաշես Բարբուլյանին):
ԱՐՏԱՇԵՍ. (Ներս է մտել խորքի ձախակողմյան դռնով): Բարև: