Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/436

Այս էջը հաստատված է

ՍՏՅՈՊԱ. Անտարակույս: Գի՞նը: (Խմում է):

ՍԵՐՅՈԺԱ. Ծախիր քանիսով կարող ես, միայն շուտով:

ՍՏՅՈՊԱ. Ճանաչում եմ մեկին, որ կարող է գնել հենց այժմ: Սպասիր, թող նրա հետ խոսեմ տելեֆոնով: (Շտապով) դատարկում է գինու երկրորդ բաժակը և անցնում է միջնորմի ետև):

ԱՆԾԱՆՈԹ. (Որ Ստյոպայի երևալու վայրկյանից ուշադրութունը կրկնապատկել է և ինչ-որ գրել է հուշատետրում, աչքերով հետևում է նրան):

ՍԵՐՅՈԺԱ. Եթե Ստյոպային հաջողվի վաճառել, խոստանում եմ վաստակածի կեսը քեզ տալ:

ԺՈՐԺ. Այդ չի կարող ինձ փրկել:

ՍԵՐՅՈԺԱ. Տոկոսը տալով չե՞ս ազատվիլ:

ԺՈՐԺ. (Հառաչելով): Ո՛չ, ո՛չ, ո՜չ:

ՍՏՅՈՊԱ. (Վերադառնում է միջնորմի ետևից ուրախ դեմքով): Էվալլա... գնողը պատրաստ է. երկու ժամից հետո փողը կբերի Կավո-Կոկասիեն: Եկ այնտեղ, կտեսնվենք: (Շտապով գլխարկը վերցնում ու գնում է ձախ կողմի դռնով):

ԱՆԾԱՆՈԹ. (Անմիջապես հետևում է Ստյոպային)։


ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ, առանց ՍՏՅՈՊԱՅԻ, հետո ՆԱՏԱՇԱ

ՍԵՐՅՈԺԱ. Ուրեմն այս գիշեր մի լավ քեֆ ենք անում Կավո-Կոկասիենում: (Ձեռը զարկելով Ժորժի ուսին): Շատ մի հոգար, չկա վատ դրություն, որ իր ելքը չունենա: Ահա և քո Նատաշան:

ՆԱՏԱՇԱ. (Գալիս է ձախ կողմի անցքով, մոտ 35 տարեկան կին է, լավ հագնված, ձևերն ու շարժումներն ազատ են, բայց ոչ կոպիտ, ծխում է. անկանոն կյանքը և ոգելից ըմպելիքներն իրենց կնիքը դրոշմել են նրա գեղեցիկ դեմքի վրա): Բարև: (Սպասավորին, որ անմիջապես մոտեցել է): Յուն օրանժադ: (Ժորժին): Ի՞նչ կհրամայես, սիրելիս։