Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/440

Այս էջը հաստատված է

ՍԵՐՅՈԺԱ. Լավ կլինի մի քանի տաճկահայ խոսքեր էլ ներս խոթել:

ՆԱՏԱՇԱ. Այդ էլ կարող եմ. հոս, հոն, կոր, մոր, ասիկա, ատիկա, աղեկ, զեվզեկ…

ԺՈՐԺ. Այդքանը բավական է:

ՆԱՏԱՇԱ. Հրաշալի է, սքանչելի, ես արդեն ոգևորվեցի իմ դերով: (Վեր է կենում): Բեր այս գիշեր հորդ Կավո-Կոկասիեն, դու կտեսնես քո Նատաշան ինչ տաղանդով կկատարի իր դերը… Արի համբուրվենք: (Համբուրվում է Ժորժի հետ): Շատ մի մտածիր… Ցտեսություն։ (Գնում է ձախ կողմի դռնով)։


ՏԵՍԻԼ 6

ՆՈՒՅՆՔ, առանց ՆԱՏԱՇԱՅԻ

ՍԵՐՅՈԺԱ. Տեսնենք ինչո՞վ կվերջանա այդ կոմեդիան:

ԺՈՐԺ. Ինչով էլ վերջանա, իմ վերջը կամ բանտն է, կամ աքսոր, կամ ինքնասպանություն, ես ուրիշ ապագա չեմ տեսնում ինձ համար: Ահ, հոգնել եմ…

ՍԵՐՅՈԺԱ. Քիչ խոսիր, միևնույն է, մենք մեր կյանքը չենք կարող փոխել: Ապրել է հարկավոր և ուրախ ապրել թեկուզ այդ բոլշևիկների ջգրու, իսկ միջոցները — наплевать: Քո կենացը: (Խմում է, բաժակը զարկելով ժորժի բաժակին. բարձր): Garçon, encore deux bouteilles…

ՍՊԱՍԱՎՈՐ. (Դատարկ շշերը տանում է, բերում է լիք շշերը):


ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ

ԼԻԴԻԱ. (Գալիս է ձախ կողմի դռնով, բարևում է գլխի թեթև շարժումով, նոր գլխարկ է դրել): Ստյոպային չե՞ք տեսել: