Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/445

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 10

ԺՈՐԺ և ՊԵՏՐՈՍ առանձին

ՊԵՏՐՈՍ. (Գալիս է ձախ կողմի դռնով. հագած է ֆրակ, որ նեղ լինելու պատճառով լավ չի նստած վրեն, և գունավոր պանթալոն. վերարկուն ձգած է ուսի վրա, տրամադրությունը հանդիսավոր է):

ԺՈՐԺ. (Դիմավորում է հորն ընկերների սեղանից հեռու, ավանսցենի մոտ): Պապա, ինչո՞ւ համար ես եկել։

ՊԵՏՐՈՍ. Ըմբո, եկել եմ, որ գնանք խնամուս մոտ։

ԺՈՐԺ. Բայց դեռ կանուխ է, պապա, անհարմար է տասներկու ժամից առաջ գնալ։

ՊԵՏՐՈՍ. Դե լավ, էստեղ կսպասեմ։ Թող մի քիչ մուզիկ լսեմ։ Դու գնա ընկերներիդ մոտ, ես ջահիլների հետ չեմ նստիլ։

ԺՈՐԺ. (Հանկարծ նկատելով նոր ֆրակը): Պապա, այդ ի՞նչ ես հագել։

ՊԵՏՐՈՍ. Փռակ է, էլի հըը, տես։ (Վերարկուն ուսերից վերցնում են):

ԺՈՐԺ. Բայց լավ չէ, պապա, չի սազում։

ՊԵՏՐՈՍ. Հա, մի քիչ նեղ է վրես։ Դե հարսանիքիս փռակն է, կարվելու ժամանակ նազուկ տղա էի, հիմի մի քիչ չաղացել եմ։

ԺՈՐԺ. (Ավելի է զարմանում, պանթալոնը նկատելով)։ Իսկ պանթալոնդ, պապա, այդ ի՞նչ գույն է։

ՊԵՏՐՈՍ. Շալվարս ես ասո՞ւմ, դե օրինավոր շալվար է, էլի, չես հավանո՞ւմ։

ԺՈՐԺ. Պապա, ֆրակի հետ սև պանթալոն են հագնում և ոչ թե մոխրագույն։

ՊԵՏՐՈՍ. Էդ բանը մայրդ էլ ասաց, ես էլ գիտեմ, բայց ի՞նչ անեի, սև շալվարիս քամակը մաշված էր, ուզեցի հագնել, պատռվեց։ Էհ, ոչինչ, յոլա կերթա։

ԺՈՐԺ. Ո՛չ, պապա, ես այդ հագուստովդ քեզ հետ ոչ մի տեղ չեմ գնալ։ Վերադարձիր տուն և ամենօրյա հագուստդ հագիր։ (Մեկուսի): Այ քեզ պատիժ։