Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/45

Այս էջը հաստատված է

այս տաժանակիր պատիժը, միայն թե լսեմ այդ հնչյունները»։ Սակայն դևն արտաքսել է նրանց։ (Հառաչում է, կարճատև լռում): Անցնում են տարիներ, անգույն, անկրակ գոյության տարիներ, որ տափակ գլուխներն անվանում են խաղաղ ընտանեկան կյանք և որ զգայուն մարդու համար գերեզման է։ (Դարձյալ հառաչում է, լռում, ճակատը տրորում): Մի օր հանկարծ, ով գիտե, գուցե նախախնամության կամքով, իմ ընկերը մի հեռավոր երկրում, մի անծանոթ շրջանում հանդիպում է մի ընտիր էակի։ Դա է լինում իսկական հրեշտակը, դա է լինում նրա երազների կատարյալ մարմնացումը, վասնզի այդ էակի նյութական կյանքում պահպանված է լինում նրա հոգեկանը։ Եվ ընկերոջս շղթան, որ մի ժամանակ պողպատից էր, փոխվում է փշերի։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Շփոթվել է, հուզված): Կա՛նգ առեք. մնացյալը գիտեմ արդեն։
ՀՄԱՅԱԿ. Ո՛չ, տիկին, դեռ չգիտեք էականը։ Լսեցե՛ք, ինչ է ասում այսօր թշվառը։ Նա ասում է, որ հոգիները մենակ չեն գալիս այս աշխարհ, այլապես նրանց գոյությունը կլիներ հավիտենական մենակյաց բանտարկություն։ Նա պնդում է, որ յուրաքանչյուր էակ ունի իր ընկերը, զուգակիցը։ Փույթ չէ, թող նրանք բաժանված լինեն իրարից տարածությամբ, ժամանակով, օրենքների դաժանությամբ և ավանդությունների բռնությամբ, նրանք անհանգիստ փնտրում են միմյանց։ Եվ երբ մի օր հանդիպում են իրար ու այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող նրանց բաժանել... Նույնիսկ սուրբ համարված պարտականությունները...
ԱՐՄԵՆՈԻՀԻ (Հուզմունքից գունատվել է): Այդպե՞ս է արդյոք։
ՀՄԱՅԱԿ. (Ավյունով, հափշտակված): Այդպես է, տիկի՛ն, այդպես պետք է լինի։ Այս համոզմունքը հյուսված է իմ ընկերոջ... այժմյան տառապանքներից...
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ եթե հոգիներից մեկը չունենա ուժ ոտնատակ անելու օրենքներն ու պարտականությունները, այն ժամանա՞կ։