ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ, ՊԵՏՐՈՍ և ԺՈՐԺ
(Պետրոսը և ժորժը ներս են մտել աջ կողմի առաջին դռնով: Պետրոսն այժմ առօրյա հագուստով է, իսկ Ժորժը սմոկինգ է հագած):
ՊԵՏՐՈՍ. Էս ի՞նչ պայծառ լուսավորություն է. կասես հարսանիքի տուն է:
ԺՈՐԺ. Այստեղ ամեն գիշեր հարսանիք է, մի բան էլ ավելի:
ՎԱՐԻՉ. (Հարգանքով դիմավորելով Պետրոսին, ցույց է տալիս ձախ կողմի անկյուններից մեկը ավանսցենի կողմ):
ՊԵՏՐՈՍ. (Նստում է, ձեռը տանելով դեպի մեջքը): Ուֆ, զահրումար մեջքացավս էլի սկսում է:
ԺՈՐԺ. Ի՞նչ կկամենաս խմել, պապա:
ՊԵՏՐՈՍ. Ես ծարավ չեմ:
ԺՈՐԺ. Ոչ, պապա, մի բան պետք է պատվիրել:
ՊԵՏՐՈՍ. Թող մի պիվա բերի:
ՎԱՐԻՉ. (Երեսը մի կողմ դարձնելով, ծիծաղում է):
ԺՈՐԺ. Այստեղ պիվո չեն խմում: (Սպասավորին, որ մոտեցել է): Cordon rouçe.
ՍՊԱՍԱՎՈՐ. (Անհապաղ բերում է մի շիշ շամպայն):
ՎԱՐԻՉ. (Շամպայնի շիշը բաց է անում իր ձեռքով):
ԺՈՐԺ. Պապա, դու մի քիչ զրույց արա դիրեկտորի հետ, ես տեսնեմ հարսնացվիս մորաքույրն եկե՞լ է, թե չէ: Գնում է կամարի ետև):
ԿԱՄԱՐԻ ԵՏԵՎՈՒՄ. (Երգեցողություն, բուռն ծափահարություններ: Բրավո, բրավո՜…)։
ՏԵՍԻԼ 5
ՊԵՏՐՈՍ և ՎԱՐԻՉ
ՊԵՏՐՈՍ. (Վարիչին): По русски знаешь?
ՎԱՐԻՉ. Знаю.
ՊԵՏՐՈՍ. Мигрант?
ՎԱՐԻՉ. Да, я мигрант. (Շամպայն է ածում Պետրոսի համար):