ՊԵՏՐՈՍ. Դե գիտես էլի, խոսքս իմ որդու ու քո քրոջ աղջկա մասին է, խնամի…
ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով)։ Հասկացա, միստեր Մինթոև, հասկացա, կամիք գիտնալ, թե իմ քրոջ դուստր ինչպիսի աղջիկ մըն է, այո՞։
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, դե ամենից առաջ հենց էդ է հարկավոր իմանալ, հետո էլ…
ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Ասեմ, շատ աղվոր օրիորդ մըն է, տանը երեսուն ու իննը տարեկան, դրսում քսաներկու, համեստ է ինչպես կատու, բարի է ինչպես կապիկ: Շատ աստվածապաշտ է, ավետարանն անգիր գիտե, պոռնոգրաֆիա շաբաթվա մեջ է միայն կարդում, կիրակի օրերը գնում է եկեղեցի, խմելը մեզնում արգելված է, բայց մեկ-մեկ թաքուն խմում է: Արտաքի՞նը կուզեք գիտնալ. ամեն գովասանքից բարձր է. ճերմակ է ինչպես կճեպած ձու, թշերը կարմիր են, հասակը բարձր է ինչպես տելեգրաֆի սյուն, կուրծքը տափակ է տախտակի պես, ծծերը փորի վրա են, ոտները գեղեցիկ են ինչպես Վենետիկի գոնդոլներ, ատամները երկար ինչպես ձիու ատամները... Մի խոսքով կատարյալ ամերիկուհի է…
ՊԵՏՐՈՍ. (Որ լսել է զարմացմամբ, հիսաթափված): Ըմբո, էդ ի՞նչ գովասանք է, խնամի։
ՆԱՏԱՇԱ. Մենք ամերիկացիքս գովելու շնորհք չունենք, մենք չգիտենք բարբառել, մենք գործնական ենք, գիտե՞ք գործնական։ Խմենք։ (Բաժակները նորեն լցնելով, աչքով նշան է անում ոչ հեռու կանգնած սպասավորին, նոր շիշ բերելու)։
ՍՊԱՍԱՎՈՐ. (Ուզում է կիսատ շիշը վերցնել)։
ՊԵՏՐՈՍ. (Շիշը բռնելով): Թողիր մնա, դեռ մեջը շատ կա:
ՍՊԱՍԱՎՈՐ. (Բերում է մի նոր շիշ և այնուամենայնիվ կիսատ շիշը տանում է):
ՊԵՏՐՈՍ. Խնամի, ես ուրախ կլինեի, եթե իմ հարսը տեսքով քեզ նման լիներ:
ՆԱՏԱՇԱ. Ինձ նմա՞ն... oh la la. Ես ի՞չ եմ նրա համեմատ: Ոչինչ: Նրա նման մի ուրիշը չկա աշխարհի երեսին:
ՊԵՏՐՈՍ. Դե հիմի ուրիշ բանի մասին խոսենք: Խնամի,