Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/462

Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ. (Տատանվելով): Վալլահ, ծնվելուս օրը միտս չէ:


ՆԱՏԱՇԱ. Ես կարծում եմ, որ դուք պետք է լինեք մոտ քառասուն տարեկան:

ՊԵՏՐՈՍ. Չէ, դրուստն ասած, մի քիչ ավելի է, շատ քիչ է, շատ քիչ…

ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ եք կարծում, ես քանի՞ տարեկան եմ:

ՊԵՏՐՈՍ. Իմ հաշվով դու պիտի լինես մոտ երեսուն տարեկան:

ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ եք ասում, ի՞նչ երեսուն, ի՞նչ քառասուն, ի՞նչ հիսուն, ես վաթսուն ու երկու տարեկան եմ:

ՊԵՏՐՈՍ. Ըմբո, ուրեմն իմ տարոքն ե՞ս: Չեմ հավատում:

ՆԱՏԱՇԱ. Մի զարմանաք, մենք, ամերիկուհիքս շատ ուշ ենք ծերանում: Մենք գիտենք մեր թարմությունը պահպանել...

ՊԵՏՐՈՍ. Էդ ո՞նց եք պահպանում:

ՆԱՏԱՇԱ. Ամեն օր ճաշից առաջ կանդալուպ ենք ուտում:

ՊԵՏՐՈՍ. Կանդալո՞ւպ... էդ ի՞նչ բան է:

ՆԱՏԱՇԱ. Կանդալուպը սեխի պես մի բան է, շատ համեղ:

ՊԵՏՐՈՍ. (Գրպանից դուրս բերելով հուշատետրն ու մատիտը, տալիս է Նատաշային): Գրիր այդտեղ այդ օրհնված պտուղի անունը: Մին կնոջս ասեմ, որ ամեն օր ուտե:

ՆԱՏԱՇԱ. (Ինչ-որ գրում է, հուշատետրը ետ է տալիս):

ՊԵՏՐՈՍ. Ես կփամփեմ էն մարդու գլխին, որը կասե, թե դու երեսնուհիգ տարեկանից ավելի ես:

ՆԱՏԱՇԱ. Խնամի, այս բաժակն էլ խմենք հարսնացվի և փեսացվի կենացը (Բաժակը բաժակի է զարկում և նորեն հպում է Պետրոսին): Ալահվերդին ձեզ մոտ:

ՊԵՏՐՈՍ. Այ ապրես, սրտիցս խոսեցիր: (Կողմ): Կմշտեմ, թե՞ չէ:

ՆԱՏԱՇԱ. (Նշանով կանչում է սպասավորին և ինչ-որ պատվիրում է նրան):

ՍՊԱՍԱՎՈՐ. (Շտապով գնում է խորքը):

ՆԱՏԱՇԱ. (Կրկնում է): Ալահվերդին ձեզ մոտ, խնամի: (Խմում է):

ԵՐԿՈՒ ԵՐԳԻՉ ԵՎ ՄԻ ԵՐԳՉՈԻՀԻ. (Գալիս են խորքից, երգելով):