Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/47

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 13



ԱՐՄԵՆՈԻՀԻ և ԿՈՍՏԱՆԴԻՆ



ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի դռներով): Դու մենա՞կ ես։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ո՛չ, հայրիկ, ես միշտ շրջապատված ե՛մ խնամակալներով։ Հայրիկ, ինչո՞ւ համար ես Սամսոնին վիրավորել։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Նրա համար, Արմենուհի, որ քո ամուսինը լիրբ է, լիրբ...
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Վշտացած, դառը հանդիմանությամբ): Հայրի՜կ։ (Նայում է հորը սուր հայացքով, վախեցած): (Թեթև լռություն)
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այո՛, որդի, քո կասկածները ճիշտ են։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Ա՜հ։ (Ընկճված ընկնում է բազկաթոռի վրա): Ո՛չ այդ, ոչ այդ (Լռություն):
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մարդիկ մեր ժամանակում այդ համարում են սովորական բան, սիրելի։ էհ, մենք էլ համարենք, ինչո՞վ ենք պակաս ուրիշներից։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Առանց հորը նայելու): Ո՞ւմ հետ, ո՞վ է նա։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սատանան գիտե, քի՞չ կան։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ես ճանաչո՞ւմ եմ նրան։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Աստված մի՛ արասցե, որ դու ծանոթ լինես այդպիսիների հետ. Վարշավայից է, թե՞ Պետերբուրգից— չգիտեմ չինովնիկի կնիկ է։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մաքառել է իր դեմ: Ոտքի է կանգնում): Այդ անկարելի է, այդ անհնարին է։ Մի քիչ առաջ նա գրեթե իր սերը բացատրեց ինձ։ Սամսո՛նը, այն ժուժկալ մա՞րդը։ Ո՛չ, հայրիկ, նա նախանձոտներ շատ ունի, սուտ լուրեր են տարածում նրա մասին։ Հայրի՛կ, չլինի՞ թե զրպարտում ես նրան։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հարյուր անգամ ուրախ կլինեի զրպարտչի անուն կրել, քան այս լուրը քեզ հաղորդել։ Ես էլ սկզբում չէի հավատում. ո՞ւմ չեն բամբասում։ Բայց չեղավ։ Փաստեր շատ ունիմ. հարցրու Ստեփանից, նա կհամոզի քեզ։