ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
Առաջին արարվածի սենյակը նույն կարասիով:
ՏԵՍԻԼ 1
ՊԵՏՐՈՍ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ՊԵՏՐՈՍ. (Հագնված է պիժամա, չափազանց գրգռված անցուդարձ է ասում)։ Էդպես էլ անամոթություն, էդպես էլ անօրինություն։ Օրես դենն էլ ի՞նչ երեսով երևամ բարեկամներին ու չարակամներին։ Կնիկ, չորանար քո արգանդը, որ էդ լակոտին լույս աշխարհ չձգեիր։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Տխուր դեմքով նստած է լուսամուտներից մեկի առջև): Լավ, բավական է, քիչ կատաղիր ու իմ արյունն էլ պղտորիր։ (Ուսերի վրա ձգված է մի քիրմանի շալ)։
ՊԵՏՐՈՍ․ Քիչ կատաղիր, հեշտ է ասել։ Անիրավը երեկ ցերեկով ինձ բարձրացրեց դրեց էն-էն-էն էյփելի աշտարակի գլխին, գիշերով աքացի տվեց, գլորեց գետին։ Բա՜, բա՜, բա՜, ինչ տեղ էի, ինչ տեղ ընկա, թյու... (Կանգ է առնում): Գիտե՜ս, Մաղդաշ, էդ բանի մեջ դու էլ մեղավոր ես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞վ եմ մեղավոր։
ՊԵՏՐՈՍ․ Նրանով, որ երեկ իմ կուրացած աչքերը թաց չարեցիր: