ՊԵՏՐՈՍ․ (Համբերությունն սպառված): Լավ, լավ, ասա վերջացրու։
ԺՈՐԺ․ Փնտրեցի, չգտա։ Տելեֆոնով հարցրի, ասաց, թե միգրեն ունե, չի կարող գա։ Է՜հ, ի՜նչ անեի․ եթե քեզ ասեի, պիտի կատաղեիր։ Ես էլ մտածեցի, հայրս իր կյանքում առաջին անգամ Մոնմարտր է եկել, ինչո՞ւ նրան ետ տանեմ, սիրտը կոտրած է։ Եկ, այս գիշեր նրան մի լավ զվարճացնեմ։ Եվ ահա մեր սքանչելի պարուհուն, մեր աստվածային Նատաշային խնդրեցի, որ կատակի համար մի գիշեր փոխարինե հարսնացվիս մորաքրոջը և բերեցի, նստեցրի քո կողքին։ Ասա խնդրեմ, վա՞տ բան եմ արել, չե՞ս զվարճացել, կամ կյանքումդ երբևիցե մի այդպիսի շիկ կնոջ հետ գլուխ-գլխի տված մինչև լույս քեփ արե՞լ ես։
ՊԵՏՐՈՍ․ Ասենք էդ մեկը դրուստ է․ Նատաշը երևելի ապրանք է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ (Ատամները կրճտելով): Ը՜ը, անամո՛թ․․․
ՊԵՏՐՈՍ․ Բայց հարսնացո՞ւդ, հարսնացուդ ու նրա մորաքույրն ի՞նչ տեղ են։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Այո՛, այդ ասա։
ԺՈՐԺ․ Հարսնացուս ու նրա մորաքույրն այս րոպեիս Կլարիջ հյուրանոցում փառավորապես նստած սուրճ են անուշ անում։
ՊԵՏՐՈՍ․ Ադա, էլի՞ ես ուզում փոքուս-մոքուս սարքել իմ գլխին։
ԺՈՐԺ․ Ամենևին, ես ասում եմ զուտ ճշմարտությունը։
ՊԵՏՐՈՍ․ Մաղդաշ, հավատա՞մ, թե չէ։
ՄԱԳԹԱՂԵնԵ․ Եթե որդիս ինձ է նման, պետք է հավատալ։
ՊԵՏՐՈՍ․ Գնանք, ցույց տուր ինձ, ես ուզում եմ իմ աչքովս տեսնել նրանց։
ԺՈՐԺ․ Այ, պապա, էլի անկարելի բան ես պահանջում․․․
ՊԵՏՐՈՍ․ Ինչո՞ւ է անկարելի։
ԺՈՐԺ․ Հագնված չես։ Կարո՞ղ եմ ես այդ պիժամայով քեզ նրանց մոտ տանել։
ՊԵՏՐՈՍ․ Կհագնվեմ։
ԺՈՐԺ․ Բայց կուշանանք, պապա, կուշանանք։ Հասկանո՞ւմ