Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/48

Այս էջը հաստատված է

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ահա՜, թե ինչ են նշանակում նրա խոսքերը. «Քո հայրը դյուրահավան է, համոզիր նրան, որ փողոցային լուրերի վրա ուշադրություն չդարձնի»։ Այժմ հասկանալի է։ Հայրիկ, դու տեսե՞լ ես նրան։

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մի անգամ ցույց են տվել արտիստական կլուբում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Երիտասա՞րդ է։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մի՞թե կարելի է այժմյան կնոջ հասակը որոշել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Գեղեցի՞կ է։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մի՞թե կարելի է այժմյան կնոջ գեղեցկությունը որոշել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Բոլորովին տիրել է իրան): Շնորհակալ եմ, հայրի՛կ։ Ավելի լավ էր դառը ճշմարտությունն իմանալ, քան կեղծ դրության մեջ մնալ։ Շատ լավ, այժմ ես գիտեմ ինչպես պետք է վարվել նրա հետ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Չմոռանաս, Արմենուհի՛, որ բացի քեզնից ոչ ոք չունիմ այս աշխարհում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ո՛չ, հայրիկ, ես ո՛չ թույլ եմ, ո՛չ հիմար։ Հեռացիր այստեղից։ Նա իսկույն գալու է։ Ես չեմ ուզում քո ներկայությամբ հանդիպել նրան: Օօ՜, այժմ նա ինձ կճանաչի։ Ես իր երևակայած կանացից չեմ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Մի վայրկյան խորհում է, ապա վճռական մի շարժումն անելով հանգիստ քայլերով գնում է ձախ կողմի առաջին դռներով):


ՏԵՍԻԼ 14



ԱՐՄԵՆՈԻՀԻ, մենակ



ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մնալով մենակ, մի քանի վայրկյան մտածման մեջ է: Հետո նստում և սկսում է լաց լինել: Լացը փոխվում է հեկեկանքի: Այդ տևում է բավական ժամանակ: Ոտքի է կանգնում, աչքերը արագ-արագ տրորում է, ուշքը ժողովում այն պահին, երբ Սամսոնը ներս է մտնում):