Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/488

Այս էջը հաստատված է

ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՎԻՉ ՄԱՐԿՈԶՈՎ. Մեծահարուստ նավթահանքատեր, 56 տարեկան, գեր, բայց վատառողջ մարդ։ Ընտանեկան կյանքում թույլ և կամազուրկ է, գործերի մեջ խստապահանջ և կամակոր։ Շահը պահանջելիս՝ գիտե բարի և համբերողամիտ ձևանալ։ Կնոջ դավաճանությունը գիտե, բայց անգետ է ձևանում, վախենալով սկանդալից։

ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՈՎՆԱ. Արտեմ Պետրովիչի ամուսինը, 46 տարեկան առողջադեմ կին, լի կենսունակությամբ։ Կրքոտ է, քինախնդիր ու նախանձոտ։ Հագնվում է միշտ շքեղ և իր առաջացյալ տարիքին ոչ վայել պճրանքով։ Ամեն կերպ աշխատում է պահպանել իր նախկին գեղեցկության մնացորդը։ Ամուսնուց վաղուց է ձանձրացել և արհամարհում է նրան։ Արդեն տասներկու տարի է կենակցում է Ավետիս Բարութչյանի հետ և, նախազգալով նրա օր-օրի աճող սառնությունը, նոր սիրական է փնտրում։

ԹԱՄԱՐԱ. Մարկոզովների միակ աղջիկը։ 22 տարեկան։ Արտաքինով հորն է նման, նրա պես թխամորթ, հիվանդոտ, բայց համակրելի և ոչ տգեդ։ Հակառակ մոր սովորությանը հագնվում է համեստ, խույս տալով ավելորդ պճրանքից։ Գրեթե միշտ տխուր է ու մտազբաղ։ Հոգու խորքում հափշտակված է Տիգրան Խալիֆյանով։ Մոր և Ավետիս Բարութչյանի կենակցությունը նրա համար գաղտնիք չէ և խորին զզվանքով է վերաբերում դեպի նրա խայտառակությունը։