ԺՈՐԺ. Մարկոզովների միակ որդին, 20 տարեկան, թերուս, գիմնազիոնից վռնդված, ոչ մի գործի ընդունակ, ապուշության չափ հիմար, բայց ինքնահավան և հանդուգն։ Ժորժը Ավետիս Բարութչյանի ազդեցության տակ է լիովին։ Նա մանկությունից զգում է ատելություն դեպի հայրն՝ այն պատճառով, որ Արտեմ Պետրովիչը բավականաչափ դրամ չի տալիս նրան շռայլ ծախքերի համար։ Ժորժը նույնպես գիտե մոր դավաճանությունը և միանգամայն անտարբեր է դեպի ընտանեկան խայտառակությունը:
ԱՎԵՏԻՍ ԲԱՐՈԻԹՉՅԱՆ. Արտեմ Պետրովիչի քրոջ որդին, 40 տարեկան տղամարդ, ամուր կազմվածքով, դեմքի խոշոր եռանդուն գծերով։ Ինքնամփոփ է, գաղտնապահ, ծայր աստիճան շահամոլ։ Կողոպտելով իր մորեղբորը, որպես նրա լիազոր հավատարմատարը, նա արդեն բավական հարստացել է, բայց դրանով չի բավականանում, գաղտնի նպատակ ունի տիրանալ նրա ժառանգությանը։ Այս դիտավորությամբ նա աշխատում է ամեն կերպ քայքայել Ժորժի առանց այդ էլ թույլ առողջությունը, որպեսզի վաղաժամ մահացնե նրան։
ՏԻԳՐԱՆ ԽԱԼԻՖՅԱՆ. 32 տարեկան, հեղափոխական։ Միջահասակ է, կարճ խուզած մազերով ու միրուքով։ Սովորական հագուստն է կաշվե բաճկոն, կեպի, շապիկ՝ առանց փողկապի, երկայնավիզ կոշիկներ։ Եղել է չքավոր ծնողների զավակ և որդեգիր Բաքվի մարդասիրական ընկերության։ Ընդամենը երեք տարի է ծառայում է Մարկոզովի գործարանում որպես հանքերի վարիչ-ինժեներ։ Մարկոզովը գնահատում է նրա ընդունակությունը, շիտակությունը, մաքրութունն ու եռանդը։ Նա մտքում որոշել է Թամարային ամուսնացնել նրա հետ, հուսալով այդպիսով ապահովել իր ժառանգությունը Ժորժի շռայլությունից։ Որպես հակաբուրժուական աշխարահայեցողության մարդ՝ Խալիֆյանը Մարկոզովների վերաբերմամբ իրեն պահում է հպարտ և ինքնակամ, բայց որոշ հարգանքով։ Նա իր գաղափարները չի թաքցնում և աներկյուղ արտահայտում է ուր որ հարկավոր է։
ՄԱՐՏԻՐՈՍ կամ ՄԱՐՏԻՆ ԱԲԱԼՅԱՆ. 30 տարեկան ինժեներ, Խալիֆյանի օգնականը և գաղափարական հակառակորդը։ Նա Մարկոզովի ազգականն է և նրա դրամով է ուսում