Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/491

Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ՊԱՏԿԵՐ I

Մարկոզովների բնակարանը։ Մեծ, հարուստ կահավորված սալոն։ Մաքուր և կոկետաբար հագնված Անֆիսան փետուրներից շինված ավելով փոշուց մաքրում է կահ-կարասին, երգելով ու թռչկոտելով։ Գործն ընդհատելով, մոտենում է մեծ հայելուն, նայում է իրան ոտքից մինչև գլուխ, շտկում է մազերը, հիանում է ինքն իրանով, մանավանդ իր ոտների գեղեցկությամբ և նոր կոշիկներով։

ՊԱՏԿԵՐ II

Խորքի դռներից գալիս է Ավետիս Բարութչյանը շտապ քայլերով։ Նա նշաններով հարցնում է Անֆիսային, արդյոք, Արտեմ Պետրովիչը առանձնասենյակո՞ւմն է։ Անֆիսան, ցույց տալով ձախ կողմի դռները, հասկացնում է, թե Արտեմ Պետրովիչը դեռ իր ննջարանից դուրս չի եկել։ Բարութչյանը պատվիրում է հայտնել Արտեմ Պետրովիչին, թե սպասում է նրան առանձնասենյակում և գնում է աջ կողմի դռնով։ Նույն վայրկյանին խորքի դռներով գալիս է Ժորժը։ Աջ nւ ձախ նայելով, նա փնտրում է Անֆիսային։ Չզանելով, թաքնվում է խորքի դռների վարագույրի ետևում։ Անֆիսան վերադառնում է և շարունակում ընդհատված գործը։