Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/494

Այս էջը սրբագրված է

ժպտում է, Բարութչյանը լուրջ է: Այսօր նա վճռել է այլևս Աննայից չթաքցնել իր սառնությունը, բավական է, ինչքան կեղծեց: Պաշտոնական բարևից հետո, ուզում է անմիջապես հեռանալ: Աննան ձեռի հրամայական շարժումով պահում է նրան, մոտենում է, ուզում է համբուրել: Բարութչյանը ցույց է տալիս աջ կողմի դռները՝ ասելու համար, թե Արտեմ Պետրովիչը այնտեղ է և ամեն վայրկյան կարող է դուրս գալ ու տեսնել:

Աննան հեգնանքով ծիծաղում է:

— Այդ ո՞ր Ժամանակից է, որ դու սկսել ես վախենալ իմ ամուսնուց:

Բացատրություն Բարութչյանի կողմից: Աննան ծաղրում է նրա բացատրությունը: Նա զգում է, որ սիրականը կեղծում է, ստում, նա կատաղում է և Բարութչյանին ապտակում է: Տասներկու տարվա սիրականը ապտակն ընդունում է անվրդով: Աննան ցույց է տալիս նրան խորքի դռները, հրամայելով այլևս ոտ չդնել իր տունը: Բարութչյանը ամենայն սառնությամբ.

— Դու կարող ես ցույց տալ միայն քո ննջարանի դռները, — ասում է և իսկույն հեռանում է խորքի դռներով:

Մի վայրկյան առաջ աջ դռների մեջ երևացել է Արտեմ Պետրովիչը, տեսել է տեսարանի վերջին մասը: Այս անգամ նա արդեն հագնված է:

ՊԱՏԿԵՐ V

Աննան, ամուսնուն տեսնելով, ամենևին չի շփոթվում: Ի՞նչ արժեք ունի ամուսինը՝ քանի որ զրկվում է սիրականից: Նա պատրաստ է դիմադրել Արտեմ Պետրովիչին ինչ գնով ևս լինի: Բայց Արտեմ Պետրովիչը զուսպ է: Նրա միակ ցանկությունն է, որ խայտառակությունը չորս պատերից դուրս չգա: Նա ամենայն սառնությամբ մոտենում է Աննային և, ձեռը դնելով նրա ուսի վրա, ասում է.

— Աննա, դու նրան դուրս արիր իմ տնից, բայց ես թույլ չեմ տա: