Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/497

Այս էջը հաստատված է

Թամարայի կենացը։ Ամենքը, բացի-Աննա Գասպարովնայից և Արտեմ Պետրովիչից, խմում են հոտնկայս։ Աբալյանը ուզում է իր բաժակը զարկել Թամարայի բաժակին և այնպես խմել։ Թամարան ճարպիկ շարժումով իր բաժակը ետ է քաշում։ Առհասարակ նկատելի է նրա հակակրանքը դեպի Աբալյանը։

Թամադան առաջարկում է Մարկոզով ամուսինների կենացը։ Աբալյանը ոտքի է ելնում և դրվատում է իր բարերարին ու նրա կնոջ բարձր առաքինությունները։ Թամարան, որպեսզի չլսի նրան, զբաղվում է Ժորժով, որ արդեն հարբել է։ Բարութչյանը, որ նստած է Ժորժի մոտ և շարունակ լցրել նրա բաժակը, բռնում է նրա թևից և դուրս է տանում։ Աբալյանը շարունակում է իր հետամտությունը, Թամարան՝ իր արհամարհանքը։

ՊԱՏԿԵՐ IX

Ժորժի ննջարանը, Ժորժը հագուստով պառկած է անկողնակալի վրա։ Բարութչյանը ժիլետի գրպանից դուրս է բերում մի փոքրիկ տուփ և մոտեցնում է նրա քթին։

— Հոտ քաշիր, Ժորժ, հոտ քաշիր, կոկայինը թարմացնում է։

ժորժը չի կարողանում գլուխը բարձրացնել։ Բարութչյանն օգնում է նրան։ Ժորժն ագահությամբ հոտոտում է կոկայինը և հետզհետե արթնանում է։ Նա բերանը լայն բաց է անում ու ապուշորեն ծիծաղում է։ Ներվային ցնցումներ։

ՊԱՏԿԵՐ X

Սեղանատանը խնջույքը շարունակվում է։ Հյուրերից մի քանիսը հարբել են, բայց ոչ ինքնամոռացության աստիճանի։ Նրանք այժմ շամպայն են խմում։ ժորժը Բարութչյանի հետ վերադառնում է ու նստում իր տեղը։ Ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրանց բացակայության վրա, բացի Թաժարայից։ Նա արգելում է սպասավորին Ժորժի բաժակը շամպայնով լցնել։ ժորժը բարկանում է քրոջ վրա, խլում է սպասավորից շիշը և իր բաժակը լեցնում է քրքջալով։