Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/50

Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ



Երկրորդ արարվածի տեսարանն անփոփոխ, միայն չկա ծաղիկների փունջը: Իրիկնադեմ է: Արեգակի ճառագայթները ոսկեգօծել են բեմի հետին մասը:


ՏԵՍԻԼ 1



ՄԵԼԱՆԻԱ, ԳԱՐԵԳԻՆ



ՄԵԼԱՆԻԱ. (Գարեգինի օգնությամբ դաշնամուրին շապիկ է հագցնում): Մի քիչ էլ քո կողմը քաշիր։ Այդպես, բավական է։
ԳԱՐԵԳԻՆ. Չհասկացա ինչո՛ւ համար եք այդպես վաղ ծածկում դաշնամուրը։ Դեռ քաղաք գնալուն մի ամիս է մնում։
ՄԵԼԱՆԻԱ. Մեր գործը չէ, պառավը հրամայել է ծածկել, ծածկում ենք։
ԳԱՐԵԳԻՆ. (Սկսում է հանդարտ երգել, Մելանիային օգնելով հանդերձ): «Ես որս էի, դու որսորդ. նետդ դիպավ ջիգարիս»... Ա՛հ, գալիս են։
ՄԵԼԱՆԻԱ. (Նայելով լուսամատից դեպի դուրս): Ճարտարապետն է իր կնոջ հետ։
ԳԱՐԵԳԻՆ. Օ՛հ, ես ատում եմ այդ կնոջը... ժլատ է... անցյալները կեսգիշերին վազեցի, կառք գտա, ճանապարհ դրեցի, մի բան չբաշխեց: Բայց մարդը շատ լավ մարդ է։ Է՜հ, վերջացավ։ (Գնում է ձախ կողմի առաջին դռներով): «Ես որս էի, դու որսորդ»...