Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/504

Այս էջը հաստատված է

Երկու դավադիրները բաց են անում իրարու գաղտնքիը և ընկերանում Խալիֆյանի դեմ։ Նրանք խորհրդակցում են՝ ի՞նչպես տապալել Խալիֆյանին։ Բաբութչյանի վերջին խոսքն է։

— Նա մեզ մարդասպան անվանեց, այդ վիրավորանքը մենք չպիտի անվրեժ թողնենք։

ՊԱՏԿԵՐ VIII

Ներս է մտնում Խալիֆյանը ձեռքում՝ մի բուռը հող թղթի մեջ փաթաթված։ Նա չի բարևում Աբալյանին ու Բարութչյանին, անմիջապես նստում է իր գրասեղանի քով և սկսում է պարապել։ Երկու դավադիրները նայում են իրարու հեգնական ժպիտով։

Բարութչյանը ասում է․

— Դուք կարող եք չխոսել ինձ հետ, բայց ես որպես Մարկոզովի լիազոր հավատարմատար պարտավոր եմ հարցնել՝ ի՞նչ դրության մեջ է քսանմեկերորդ հորը։

Խալիֆյանը, գրչի ծայրով ցույց տալով գրասեղանի վրա դրաված նավթահողը, պատասխանում է.

— Նայեցեք։

Բարութչյանը վերցնում է հողը, նայում է, հոտ քաշում և ասում․

— Հուսանք, որ նավթ կունենք շուտով։

— Այդ հորից ես շատրվան եմ սպասում։

Աբելյանը ցնցվում է։ Բարութչյանը չի ուրախանում։ Խալիֆյանը հեգնորեն ժպտում է։

ՊԱՏԿԵՐ IX

Բանվորը Աբդուլայի սենյակը։ Թվով 9—10 ընկերների Խալիֆյանի նախագահությամբ խորհդակցում են գործադուլի մասին։ Ամենից շուտ խոսում է Ալյոշա Չերնովը, ամենից շատ հուզված ու գրգռված է Սանդրո Գուլաձեն, Ֆարման Մահմուդզադեն հակիրճ դիտողություններ է անում։ Եփրեմն ու Վլասը լսում են լուռ և ուշադիր, Աբդուլան զբաղված է թեյ բաժանելով։ Գուլաձեն տեղը հանգիստ նստել չի կարողանում և խոսելիս ոտքի է կանգնում ու ձեռը զարկում է սեղանին։