Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/511

Այս էջը հաստատված է

Վեր է կենում։

— Ոչ, ես ասացի բոլորը, ինչ որ ուզում էի ասել։ Գնացեք և իմ առաջարկության մասին լավ մտածեցեք։

Խալիֆյանը գլուխ է տալիս և դուրս է գնում։

Արտեմ Պետրովիչը խորապես վիրավորված ընկղմվում է բազկաթոռի մեջ։

ՊԱՏԿԵՐ V

Ներս է մտնում Բարութչյանը։ Նա դռան ետևից լսել է բոլորը։

— Նա դուրս եկավ այստեղից հեգնական ժպիտը երեսին,— ասում է Բարութչյանը,— ես գիտեմ ինչու։ Կուզեի միայն գիտենալ, այդ բոլորից հետո՞ էլ նրան պիտի պահես իր պաշտոնում։

— Այո՛, պիտի պահեմ,— պատասխանում է Արտեմ Պետրովիչը դրականորեն։ Բարութչյանի դեմքն արտահայտում է խորին դժկամություն։

ՊԱՏԿԵՐ VI

Քսանմեկերորդ նավթահորը

Ջրօրհնեքի թաթախման գիշերն է։ Հոր փորողները, լինելով քրիստոնյաներ, գնացել են երեկոն իրենց ընտանիքի հետ անցկացնելու։ Վիշկաներում ոչ ոք չկա, երկու էլեկտրական լամպերը հազիվ փարատում են փայտաշեն բուրգի խավարը։

Դրսից վիշկայի դռները փակ են կողպեքով։ Հեռվից երևվում է մեկը, որ երեսը բաշլղով ծածկած է։ Նա գողնովի մոտենում է վիշկային, հասնելով դռնակին, փորձում է բանալ, չի կարողանում։ Փնտրում է և գտնում է մի քար, սկսում է կողպեքը կոտրել։ Բավական ջանալուց հետո, կոտրում է և մտնում է վիշկայի ներսը։