ՊԱՏԿԵՐ VII
Ներսում մարդը նայում է աջ ու ձախ, գետնի վրա զանազան գործիքներ և երկաթի կտորներ է գտնում մեծ քանակությամբ։ Նա դժվարությամբ վերցնում է նավթահորի կափարիչը, ձգում է մի կողմ։ Նա մի քանի վայրկյան տատանվում է՝ անել, թե՞ ոչ։ Մի վճռական շարժում է անում և կռանում է դեպի գետինը։
ՊԱՏԿԵՐ VIII
ՕՍՄԱՆՆ իր սենյակում
Օսմանն անհանգիստ է։ Ուզում է քնել, չի կարողանում։ Նա տրորվում է ոչխարի մորթուց կտրած մուշտակի տակ, տախտակյա անկողնակալի վրա։ Ո՞ր ժամն է արդյոք, Օսմանը նայում է իր գրպանի ժամացույցին։
Երկու ժամ 10 րոպե։
Օսմանը շտապով ոտքի է ելնում, դուրս է գալիս և իսկույն վերադառնում է։
— Նա դեռ չի վերադարձել,— ասում է ինքն իրեն,— չլինի՞ թե մի բան է պատահել։
Օսմանի անհանգստությունը Խալիֆյանի մասին է։ Նա գիտե, որ ինժեներրը գնացել է մի հեռավոր հանք, որի վարիչը նրա բարեկամն է։ Ինչո՞ւ այդքան ուշացավ Օսմանի սիրելի Տիգրան աղան։ Օսմանը կապում է մեջքին իր անբաժան դաշույնը, վերցնում է գավազանն ու դուրս է գնում։
ՊԱՏԿԵՐ IX
Վիշկայի ներսում
Բաշլղավոր մարդը կատարել է իր սև գործը։ Նա ձգում է հորի մեջ երկաթի վերջին կտորները և մտածում է.
— Թող այժմ Խալիֆյանը մաքրի իր շատրվանը։ Կտեսնենք ինչպես։
Նա ծածկում է նորից նավթահորի բերանը և շտապում է դուրս գալ վիշկայից։