Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/515

Այս էջը հաստատված է

տնային հագուստում, նա զայրանում է։ Նա ցույց է տալիս իր բազկի պլատինե ժամացույցը։ Երեկույթն արդեն սկսվել է։

Տաս ժամ և 20 րոպե

Թամարան գլուխը շարժում է բացասաբար։ Նա չի ուզում գնալ այդ երեկույթին։ Նրա գլուխը ցավում է, նա թույլ է, հիվանդ. Աննա Գասպարովնան հորդորում է նրան թողնել «հիմարությունները» գնալ։ Նրա բացակայությունը կարող է թշնամիներին ուրախացնել, իսկ այդ Խալիֆյանն ով գիտե ինչեր կարող է երևակայել իր մասին։

— Գիտե՞ս, Թամարա, եթե ինձ հարցնես, կասեմ, որ Աբալյանը այդ Խալիֆյանից հազար անգամ լավ փեսացու է։ Չգիտես ինչ շիկ երիտասարդ է, просто прелесть.

Թամարան խորին զզվանք է արտահայտում։

Վերջապես մայրը կարողանում է համոզել նրան երեկույթ գնալու։ Անֆիսային կանչելով, Թամարան սկսում է հագնվել։

ՊԱՏԿԵՐ II

Փառահեղ նվագախումբը կլուբի ընդարձակ սրահում։ Բեմի վրա նվագ, երգեցողություն, դեկլամասիոն, ծափահարություններ, օվացիաներ, ծաղկեփնջեր և դափնյա պսակներ, արտիստ ու արտիստուհիներին։ Սրահը լեցուն է ծայրե ի ծայր, շատերը ոտքի վրա են, պատերի տակ։ Կանայք մեծ մասամբ դեկոլտե են. տղամարդիկ ֆրակով են կամ սմոկինգով։ Գոհարեղենի բացառիկ շռայլություն։ Պյոտր Արտեմիչը ֆրակով նստած է առաջին կարգում՝ իր բարեկամ հանքատերերի ու գործարանատերերի հետ։ Աննա Գասպարովնան Թամարայի հետ նստած է երկրորդ կարգում։ Մայրն ուրախ ու զվարթ է, աղջիկը տխուր, մտազբաղ։ Երրորդ կարգում նստած են Բարութչյանն ու Աբալյանը։

ՊԱՏԿԵՐ III

Կլուբի վեստիբյուլը։ Սրահում նվագահանդեսը վերջացել է. հանդիսականները դուրս են գալիս վեստիբյուլ և ցրվում են աջ ու ձախ, սրահը դատարկելով, որպեսզի