Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/519

Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ X

սեղանատանն ընթրիքը շարունակվում է։ Սեղանները դատարկվում են ընթրողներից և նորեն լցվում։ Անփոփոխ են միայն Խալիֆյանի և Աբալյանի սեղանները։ Երկու սեղաններրի մեջ կա ազատ տարածություն։

Խալիֆյանի սեղանն ուտել խմելը վերջացրել է, միայն խոսակցությամբ է զբաղված։ Դեմքերի արտահայտությունը լուրջ է և խորհրդավոր։

Աբալյանի սեղանը շարունակում է ուտել, մանավանդ խմել, ծիծաղել, քրքջալ, ամեն կերպ աշխատում է իր վրա դարձնել Խալիֆյանի և ընկերների ուշադրությունը։ Մի բան, որ չի հաջողվում։

Բաժակը շամպայնով լեցնելով, ոտքի է կանգնում Աբալյանի սեղանակիցներից մեկը, ճառ է ասում ազգասիրական բովանդակությամբ։ Նա հարբած է՝ բայց ասելիքը գիտե, միայն կակազում է։ Ճառը նա ավարտում է այս խոսքերով.

— Կորչի սոցիալիզմը, կեցցե հայրենասիրությունը։

Նրա ընկերները, ոտքի ելնելով, կրկնում են նույնը և բաժակները դատարկում։

Դարձյալ Խալիֆյանն ու իր ընկերներն անուշադիր են։ Միայն Գուլաձեն է, որ հեգնորեն ժպտում է։ Մի քանի վիրավորական ակնարկներ և հայացքներ Աբալյանի սպա ընկերոջ կողմից։ Գուլաձեն գրգռվում է։

Խալիֆյանը, զգալով, որ կարող է սկանդալ տեղի ունենալ, կանչում է սպասավորին, վճարում է ընթրիքի փողը և վեր է կենում։

Հարբած ճառախոսն այդ սառնասրտությունից ավելի բորբոքվում, գոռում է.

— Հայ ազգի թշնամի սրիկաներ, դուք փախչո՞ւմ եք... Գուլաձեն չկարողանալով այլևս իրեն զսպել, կայծակի արագությամբ հարձակվում է ճառախոսի վրա և ապտակում նրան։ Հարձակումը կատարվում է այնքան անսպասելի և այնքան արագ, որ Խալիֆյանը ժամանակ չի ունենում կատաղած ընկերոջը զսպելու։