ՀՄԱՅԱԿ. Չափը մի՛ անցնիր, խնդրում եմ: Մենք, օտար տան մեջ ենք։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Հիմա քեզ համար օտար չէ այս տունը։ Տե՛ր աստված, ես էլ ասում եմ, ինչո՛ւ համար է ամեն օր վազում այստեղ: Դուրս է գալիս, որ այդ արկածախնդիր կինը դրան խելքից հանել է։
ՀՄԱՅԱԿ. Գիտե՞ս, դու կարող ես ինձ վիրավորել որքան կամենաս, բայց նրան հանգիստ թող:
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Աա՛, դու դեռ համարձակվում ես պաշտպանել նրան։ Չե՞ս ամաչում։
ՀՄԱՅԱԿ. Մինչև այսօր ես դեռ իմ զգացումների և մտքերի համար չեմ ամաչել, հույս ունեմ այսուհետև էլ չամաչել։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Ծաղրով): Իհարկե, ձեզ նմանների զգացումներն ու մտքերն անարատ են։ Բավական է. ճանաչում եմ իդեալ փնտրողներիդ։ Դուք միշտ սկսում եք երկնքում և վերջացնում երկրում։ Մի քանի վայրկյան ճանճի պես թռչում եք օդում, հետս նստում... աղբի վրա։ (Վեր է կենում և սկսում է անցուդարձ անել):
ՀՄԱՅԱԿ. (Կանգ է առել և նայել Սիրանույշին: Ցնցվում է նրա վերջին խոսքերից): Ահ, ի՜նչ լեզու, ի՜նչ համեմատություն։ Ես անկարող եմ վիճել այդ եղանակով։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Շարունակում է, ուշադրություն չդարձնելով Հմայակի խոսքերի վրա): Եվ ինչպե՜ս է հափշտակված, ինչպե՜ս, աստված իմ։ Գիշերներն էլ երազում նրա հետ է խոսում։ Երբե՜ք, երբեք ինձանով այդպես հափշտակված չի եղել։
ՀՄԱՅԱԿ. Զրպարտում ես քեզ, Սիրանույշ, զրպարտում ես։ Կար ժամանակ, որ քեզ, միմիայն քեզ էի երազում։ Ես որոնում էի քո սերը, ինչպես մի ծարավ ճամփորդ ջուր է որոնում ամայի անապատում։ Քա՜նի-քանի անգամ աշխատանքից հոգնած, տուն վերադառնալիս երևակայել եմ հանդիպել մի ուրախ թռչուն, որ անհոգ բազմեր ուսերիս