է երեկոյան սկանդալով։ Խալիֆյանն ուշադրություն չի դարձնում նրա վրա։ Բարութչյանն այդ անուշադրությունից վիրավորված՝ հեռանում է, մի կատաղի հայացք ձգելով Խալիֆյանի վրա։ Այդ հայացքը շարժում է բանվորների ծիծաղը։
ՊԱՏԿԵՐ II
Գրասենյակում
Դավադիր մտքերը Մարտիրոս Աբալյանին զրկել են քնից ու հանգստությունից։ Գիշերվա իր հորինած սկանդալից հետո նա չի զգում խղճի խայթ, զգացման ոչ մի նշույլ։ Ընդհակառակը՝ նա իրեն է համարում վիրավորված և նրա հոգին տառապում է վրիժառության թույնից։ Նրա հոգեկան հավասարակշռությունը խանգարված է ոչ այնքան ընկերոջ, իր գաղափարակցի կրած վիրավորական ապտակից, որքան Խալիֆյանի սառնությունից և նրա հրապարակային արհամարհանքից։ Նա համոզված է, որ այսօր-վաղը վիրավորված ընկերը կլուծի իր վրեժը և կլուծի ամենայն դաժանությամբ։ Բայց Խալիֆյա՞նը։ Մի՞թե նա պիտի մնա անպատիժ և հրճվի իր արհամարհանքով։ Ոչ, այդ չպիտի լինի, այդ անկարելի է...
— Նա ինձ մարդասպան անվանեց, ինչո՞ւ պիտի ես լռեմ։
ՊԱՏԿԵՐ III
Ներս է մտնում Բարութչյանը։ Նա ևս զայրացած է Խալիֆյանից, որի հպարտությունը Մարկոզովի և իր վերաբերմամբ նրա աչքում հավասար է ոճիրի։ Բացի այդ, նրան անհունորեն վիրավորել է բանվորների միահամուռ ծիծաղը, որը վերագրում է Խալիֆյանի թելադրությանը։
— Աբալյան,— ասում է նա, շուտով կմաքրվի քսանումեկերորդ համարը, Խալիֆյանը կունենա ֆանտան, ի՞նչ օգուտ դրանից ինձ ու քեզ։ Նա գայլ է խոտի վրա նստած, մի՞թե նրան թողնել այնտեղ։