Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/522

Այս էջը հաստատված է

— Խալիֆյանը կոմունիս է ու խռովարար, բավական է մեզ։

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով․ մատնել նրան ժանդարմերիայի՞ն։

— Թեկուզ այդ։

— Բայց Արտեմ Պետրովիչը չի ուզում այդ մասին լսեք անգամ, թեև բոլոր հանքատերերն այդ են պահանջում։

— Արտեմ Պետրովիչը երևակայում է, թե գտել է մի ադամանդ, որին չի կարող փոխարինել ոչ մի ինժեներ։ Բայց չէ՞ որ, բացի մատնությունից, կա մի ուրիշ, ավելի արմատական միջոց չարիքից ազատվելու համար։

— Ո՞րն է այդ միջոցը։

— Լռենք, նա գալիս է։

ՊԱՏԿԵՐ IV

Ներս է մտնում Խալիֆյանը։ Նա ուրախ է. գործն ընթանում է հաջող, շուտով հորը բոլորովին կմաքրվի, նա այդ ասում է ինքն իրեն, առանց որևէ ուշադրություն դարձնելու Բարութչյանի և Աբալյանի վրա։ Երկու դավադիրները խրհրրդավոր ժպիտ են փոխանակում։

Գալիս է Արտեմ Պետրովիչը։ Քծնող, գլխի խոնարհ թեքում Աբալյանի կողմից, անտարբեր բարև Խալիֆյանի կողմից։ Հազիվ հանքատերն սկսել է Խալիֆյանին հարցնել մաքրվող հորի մասին, շտապ քայլերով ներս է մտնում մի բանվոր և հայտարարում է.

—Քսանումեկերորդ նավթահորը բոլորովին մաքրվեց։

Արտեմ Պետրովիչն ուրախությունից գրկում ու համբուրում է Խալիֆյանին։ Բարութչյանն անտարբեր է։ Աբալյանը նախանձից ու չկամությունից շրթունքներն է կրծոտում։ Խալիֆյանը բարի լուր բերողին պարգևում է գրպանում ունեցած բոլոր թղթադրամները։ Բանվորը դուրս է վազում ուրախացած։

— Շնորհակալ եմ, ապրես, որդի, բայց բանվորին շատ փող տվեցիր։