Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/533

Այս էջը հաստատված է

«ԱՐՄԵՆՈԻՀԻ»

Դրաման գրվել է 1909 թ․, առաջին անգամ տպագրվել է 1910 թ․ «Գարուն» ալմանախի երկրորդ գրքում․ առանձին գրքով լույս է տեսել 1916 թ.։

«Արմենուհի» դրաման առաջին անգամ բեմադրվեց 1910 թ, դեկտեմբերի 28-ին Թբիլիսի Արտիստական ընկերության թատրոնում։ Դրաման բուռն վեճեր հարուցեց հայկական մամուլում։ Մի շարք հոդվածներ տպագրվեցին «Մշակ»-ում։ «Մշակ»-ի գրախոսները, նշելով դրամայի որոշ արժանիքները, ընդհանուր առմամբ այն համարում էին «ռեզենյորական» և ամբողջականությունից զուրկ մի գործ։

Գրախոսները չեն կամենում տեսնել այն լուրջ շարժառիթները, որոնք Արմենուհուն ստիպում են թողնել միլիոնատիրոջ հարկը․ «Պարզ չէ, թե որն է այն իդեալը, որին ձգտում է — դաշնամուրը, բնության երևույթները, Փարիզում տեսած գեղարվեստական ստեղծագործությունները, դրանք կենդանություն և բուռն ոգևորություն ներգործող իդեալներ չեն, որ կարողանան ստիպել նրան մի վերին աստիճանի լուրջ և պատասխանատու քայլ անելու»,— ասված է գրախոսականներից մեկում։ Գրախոսը ակներևորեն հարցը գռեհկացրել է․ դրամայում շատ հիմնավոր դրված է փողի ուժով ստրկության դատապարտված կնոջ ողբերգությունը, այդ կինը ցանկանում է ապրել ինքնուրույն, հոգևոր կյանքով, դուրս գալ բուսական կյանքի շրջանակից․ «դու քո ամուսնու ընկերը չես, հավասարը, այլ նրա հյուրին, նրա ազատ րոպեների զվարճալիքը։ Վերջապես դու պետք է փառաբանես քո ճակատագիրը, որ քեզ գցել է մի հարուստ տուն»,— իր ծանր վիճակի դեմ բողոքում է Արմենուհին։ Նա չի ցանկանում տանել «մի փոր հացի համար բոլոր վիրավորանքները»։

Շիրվանզադեն «Ե՞րբ վերջապես» հոդվածում պատասխանեց իր գրախոսին, պարզելով նրա մտավոր սահմանափակությունը և դիլետանտիզմը գեղեցիկ գրականության մեջ։ Սակայն Շիրվանզադեն թույլ տվեց որոշ ծայրահեղություններ՝ առհասարակ խիստ խոսքեր ասելով ինտելիգենցիայի հասցեին։ Նրա հոդվածը սխալ հասկացվեց ոմանց կողմից։ Մամուլում