Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/534

Այս էջը հաստատված է

սկսվեց անախորժ աղմուկ, թե Շիրվանգադեն ոչ գրական մարդկանց զրկում է գրականության մասին խոսելու իրավունքից։ Բացի այդ, նրանք աշխատում էին ստվեր նետել Շիրվանզադեի վրա հոբելյանի նախապատրաստման օրերին, ցանկանալով հասարակական կարծիք մշակել գրողի դեմ։ Շիրվանզադեն կրկին հանդես եկավ մամուլում, գրելով «Ակամա պատասխան», «Մշակ»-ին և «Վերջին խոսքս» հոդվածները։ Կրկին բացատրելով իր առաջին հոդվածի ճշմարիտ միտքը, դառնացած հեղինակը «Վերջին խոսք» հոդվածում գրում է.

«Եվ ահա շաբաթ ու կես է «Մշակ» լրագիրը գրեթե ամեն օր անմաքուր ջուր է թափում իմ գլխին... Ի՛նչ է այդ արշավանքի պատճառը։ Մարգարե չպետք է լինել այն գուշակելու համար, անկյուններում թաքնված մի շարք մարդիկ վճռել են թունավորել իմ առանց այդ էլ դառն օրերը։ Նրանք որոշել են վարկաբեկ անել ինձ հասարակության աչքում մի այնպիսի ժամանակ, երբ բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ ազգերի մեջ տարրական քաղաքավարություն է համարվում հեղինակների անուններն ավելի բարձրացնել, ավելի հարգելի դարձնել»։

Նույն հոդվածում Շիրվանզադեն խոսում է հայ պարբերական մամուլի երկարատև և կատաղի արշավանքի մասին ուղղված գրականության դեմ։ Նա մեջբերում է հայ մամուլի քննադատական բառապաշարը և հայհոյանքների շարքը՝ ընդդեմ հայ գրողի։ «Գրում են ու քննադատում։ Բայց ի՛նչ եղանակով, ի՛նչ ոճով։ Չկա մի հատիկ հայ հեղինակ, որի վերաբերմամբ հայ մամուլը սպառած չլինի հիսուն տարվա ընթացքում իր մեջ կուտակած պաշարը հիշոցների՝ սկսած «Մեղու»-ի սիրած «խաչագողից» մինչև «Մշակ»-ի «թայֆայական», «խեղճուկ», «սրիկա», «խուլիգան» և այլ ավելի բանաստեղծական արտահայտությունները։ Չի հարգվում ոչ միայն տաղանդը, այլև հեղինակի անձը, պատիվը, դիրքը, վիշտը ընտանիքը, ազգականները, մարդ շատ անգամ մտածում է. արդյոք ի՞նչ պիտի անի հեղինակը, որ մի օր, վերջապես, ազատվի հալածանքից և անպատվությունից։ Լինում են վայրկյաններ, երբ հեղինակն ինքն իրեն հարց է տալիս, արդյոք նա չի՞ սխալվել, որ 20 — 30 — 40 տարի իր հոգին մաշել է գրականության վրա, արդյոք գրող՝ հայ մամուլի աչքում չի՞ նշանակում..․ գող»։ (Երկերի լիակ. ժողովածու, հ. 9, էջ 398)։

Այդ օրերին «Անցնենք տոնին» հոդվածով հանդես եկավ Հովհ. Թումանյանը, հեգնելով «Մշակ»-ի աղմկարարներին, նա ճշմարիտ հարգանքի խոսք ասաց Շիրվանզադեի տաղանդավոր երկերի մասին. «Արդ, այն մարդիկ ու այն մամուլը, որ նրա մի անհաջող նախադասության վրա այսքան կանգնեցին ու զբաղվեցին, եթե անկեղծ ու շիտակ մարդիկ են, որքա՜ն պիտի կանգնեն նրա տաղանդավոր գործերի առաջ ու որքա՜ն պիտի զբաղվեն նրա հատորներով։ Եթե մի ձախորդ խոսքի համար այսքան նախատեցին ու քաշքշեցին, որքա՜ն պիտի հարգեն ու գովեն ամբողջ գեղարվեստական գործերի համար» («Թումանյանը քննադատ», էջ 182)։