Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/54

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 5



ԵՂԻՍԱԲԵԹ և ՍԻՐԱՆՈՒՅՇ



ԵՂԻՍԱԲԵԹ. (Նայել է Հմայակի հետևից չար հայացքով): Հենց առաջին օրից աչքիս դուր չեկավ այդ մարդը, ինչ մեղքս թաքցնեմ։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ա՛հ, չգիտեմ ինչ պիտի լինի վերջը, բայց նա օրեցօր խելքը կորցնում է։
ԵՂԻՍԱԲԵԹ. Ես իմ տան հոգսն արդեն տեսել եմ։ (Ցույց տալով դաշնամուրը): Այնտեղ մտիկ արեք։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. (Նայում է դաշնամուրին): Աա՜, հասկանում եմ։
ԵՂԻՍԱԲԵԹ. (Ինքնագոհ): Այո, չար օձը հենց նրա մեջ է նստած. ես հրամայեցի կապել նրա բերանը։ Օօ՜, Վիրգինեն աչքաբաց կին է. հենց առաջին օրը նա նախազգաց և ասաց. «Մայրի՛կ, լավ հետևիր նրանց»։ Լավ է, որ ժամանակին իմացանք։ Բան ունի՞ք ասելու ինձ։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Հենց դրա համար եմ եկել. պետք է փորձանքի առաջն առնել։
ԵՂԻՍԱԲԵԹ. Հեռացրեք ձեր մարդուն այստեղից, պրծավ-գնաց։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Բայց նա չի ուզում հեռանալ։ Նա ասում է. «Ես փախչելու պատճառ չունիմ»։
ԵՂԻՍԱԲԵԹ. Ունի, թե չունի, բայց նրա ոտքը այսօրվանից պիտի կտրվի իմ տնից։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Դրսում կհանդիպեն միմյանց։
ԵՂԻՍԱԲԵԹ. Աշխատեցեք, որ չհանդիպեն։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Դուք պիտի աշխատեք, մայրիկ, որովհետև ձերը կին է, իմը տղամարդ։
ԵՂԻՍԱԲԵԹ. Ձեր ամուսինն է ձեր ձեռքից գնում և ոչ իմը։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Իմ, ամուսնուն ճանապարհից շեղողը ձեր հարսն է։
ԵՂԻՍԱԲԵԹ. Մինչև ձեր մարդու գալը իմ հարսը հանգիստ էր իր համար։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Իմ մարդն էլ հանգիստ էր մինչև ձեր հարսին տեսնելը։