Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/57

Այս էջը հաստատված է

ՍՏԵՓԱՆ. Ես քու տունը մտցրել եմ մի մարդ, որ հարյուր անգամ ավելի ազնիվ ու մաքուր է, քան թե դու և ես միասին վերցրած։


ՍԱՄՍՈՆ. Համոզմունքո՞վ ես ասում այդ։

ՍՏԵՓԱՆ. (Հանդիմանորեն): Սամսո՜ն, միլիոնների գործեր ես վարում, հարյուրավոր մարդկանց հետ հարաբերություն ունիս առանց մեկի հետ խորհրդակցելու, իսկ քո ընտանեկան կյանքում խաղալիք ես երկու կանանց ձեռքում։ Ամոթ է, ամո՛թ է։ (Անց ու դարձ է անում):

ՍԱՄՍՈՆ. Մեկն այդ կանանցից իմ մայրն է, մյուսն՝ իմ քույրը։ Երկուսն էլ իմ պատվին նախանձախնդիր են։

ՍՏԵՓԱՆ. Մեկը նրանցից հին նախապաշարումներով մի պառավ է, մյուսը՝ կասկածամիտ, մանրակրկիտ և նախանձոտ։ Այսօր ես խոշոր ընդհարում ունեցա Վիրգինեի հետ։ Չեմ հերքում, Արմենուհին և Հմայակը համակրում են միմյանց, բայց ահա բոլորը, ինչ որ կա։ Խելքի եկ, Սամսո՛ն, քո կինն այն կանանցից չէ, որոնք մեկի հացն ուտում են, մյուսին՝ շոյում։ Խոսք չունիմ, Արմենուհին մի օր կարող է սիրել մի ուրիշին, բայց այդ դեպքում նա ճշմարտությունը չի թաքցնի՛լ քեզանից։

ՍԱՄՍՈՆ. (Խորհել է): Այո՛, ունիս իրավունք։ Արմենուհին կեղծել և խաբել չգիտե։ Բայց ի՞նչ անեմ այստեղ (զարկելով սրտին) այժմ մի հնոց է վառվել։ Ամո՛թ է ասել, Ստեփան, ես տանջվում եմ։ (Նորից նստում է և ճակատը սեղմում է ձեռով):

ՍՏԵՓԱՆ. (Կանգ է առնում հեգնական ծիծաղով): Մի՞թե, այդպես շո՞ւտ. զարմանալի է, հա՜, հա՜, հա՜։

ՍԱՄՍՈՆ. Դու ծիծաղում ես. դու սիրտ չունիս։

ՍՏԵՓԱՆ. Այո՞։ Այդ ո՞ր ժամանակից է, որ սկսել ես սիրտը գնահատել մարդկանց մեջ, ո՜վ դու ուղեղի գերի և հաշիվների ստրուկ։ Բավական է, ես չեմ ծիծաղում, այլ ներքուստ արտասվում եմ քո մասին։ Թշվա՜ռ, տեղը եկել է, կասեմ ճշմարտությունը։ Դու երբեք արժանի չես եղել Արմենուհուն, իսկ այժմ—նամանավանդ։

ՍԱՄՍՈՆ. (Թույլ): Ինչո՞ւ։

ՍՏԵՓԱՆ. Որովհետև դու և նա երկու հակառակ խառնվածքներ եք։