Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/58

Այս էջը հաստատված է

Որովհետև նա, իբրև երազող հոգի, կյանքից կյանք է պահանջում։ Իսկ դու ամեն ինչ դարձրել ես չոր ու ցամաք պրոզա։ Փող, փող, փող, ահա՛ քո ալֆան և օմեգան։ Խե՜ղճ մարդ, դու կանգնած էիր մի սքանչելի արձանի պատվանդանի մոտ և, որովհետև շատ էիր մոտ, չէիր տեսնում նրա աննման գեղեկությունը։ Եվ այժմ, երբ նա քեզանից հեռացել է, ով գիտե, գուցե առմիշտ, այժմ հիանում ես նրանով, կարոտում և տանջվում։ Իսկ նա քեզ ատում է։ Եվ ունի իրավունք, դու ոչ միայն չգնահատեցիր նրան, այլև (ձայնը ցածրացնելով) ցեխ շպրտեցիր նրա վրա։ (Քայլում է):


ՍԱՄՍՈՆ. Ես միշտ նրան սիրել եմ իմ սրտի խորքում։

ՍՏԵՓԱՆ․ Լավ ապացուցեցիր քո սերը, մի իսկական ադամանդ փոխարինելով վաճառքի դուրս բերված կեղծ քարով։

ՍԱՄՍՈՆ. Մոլորվում են ամենքը, մոլորվեցի և ես։

ՍՏԵՓԱՆ. Կրի՛ր, ուրեմն, քո արժանի պատիժը։ Ո՛ւմ դեմ ես բողոքում։ Դու կարծում էիր Արմենուհին մեկն է այն ողորմելիներից, որոնք մի փոր հացի համար տանում են իրանց մարդկանց բոլոր վիրավորանքները, բոլոր ստորությունները։ Դու մեծ հույս ունեիր քո հարստության և նրա երախտագիտության վրա։ Բայց չեղավ, սխալվեցիր։ Ա՛հ, որքան ուրախ եմ, որ, վերջապես, գտնվեց մեկը, որ ընդունակ է կռվելու։ Կա՛ց, դու դեռ կտեսնես, նա ինչպես կպատժի քեզ։

ՍԱՄՍՈՆ. (Ոտքի է կանգնում արագությամբ): Բավական է, լռի՛ր, առանց քո հանդիմանության էլ զգում եմ ամեն ինչ։ Աստված իմ, որքան անտարբեր է նա դեպի ինձ և որքա՜ն փոխվել է։ Ես նրան չեմ ճանաչում։

ՍՏԵՓԱՆ. Նա միայն քո աչքումն է փոխվել․ նա միևնույն Արմենուհին է։

ՍԱՄՍՈՆ. Լսի՛ր, երկու ժամ սրանից առաջ լուսամուտիցս նրան տեսնելով պարտիզում մենակ, տխուր, չկարողացա համբերել։ Ինքնասիրությունս զսպելով, դուրս եկա։ Ուզում էի մի անգամ էլ փորձել հետը խոսելու։ Բայց, ի՛նձ տեսնելով, նա հանդարտ քայլերով դուրս եկավ