Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/59

Այս էջը հաստատված է

պարտիզից, իջավ ձորը։ Ես ևս իջա, աոաջին անգամ։ Նա անցավ գետակով։ Ես ևս անցա։ Եվ սկսեց բարձրանալ քարքարոտ ուղիով, թփերը ճեղքելով, դեպի ժայռը, ես մի փոքր հետևեցի նրան և կանգ առա։


ՍՏԵՓԱՆ. Իհարկե, չկարողացար ավելի հետևել նրան։

ՍԱՄՍՈՆ. Ա՛հ, նա զարմանալի ոտիկներ ունի, մինչև այսօր ուշադրություն չէի դարձրել։ Սուր քարերի վրայով քայլում էր, ինչպես վայրենի այծ։ Բարձրանում էր, շարունակ բարձրանում։ Երբ հասավ ծայրը, նստավ և իր հպարտ հայացքը ձգեց դեպի հեռավոր լեռները։

ՍՏԵՓԱՆ. Եվ այդ պահին նա նման էր մի հպարտ արծվի, իսկ դու մի ապիկար որսորդի։

ՍԱՄՍՈՆ. Ես մնացի ներքևում։ Ինձ տիրեց մի ամոթալի երկյուղ, ոտներս չհնազանդվեցին ինձ, երբ կամեցա բարձրանալ։

ՍՏԵՓԱՆ. Եվ բավականացար ժայռի ստորոտից դիտելով նրան անմերձանալի բարձունքի վրա։ Ահա քո և նրա մեջ եղած տարբերությունը, դու երբեք չես կարողացել բարձրանալ մինչև նա։

ՍԱՄՍՈՆ. (Հանկարծ լուսամուտից նկատել է Արմենուհուն)։ Ահա, նա գալիս է։ Մնացի՛ր այստեղ, Ստեփան, եթե ինձ մենակ տեսնի, ներս չի մտնիլ։ Օգնի՛ր ինձ նրա հետ հաշտվելու։


ՏԵՍԻԼ 10



ՆՈԻՅՆՔ, ԱՐՄԵՆՈՒՀԻ, հետո ԿՈՍՏԱՆԴԻՆ


ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գալիս է խորքի դռներով. Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում: Ձեռնափայտը թողնում է պատշգամբի վրա: Ներս է մանում հոգնած, ուսերի շալը ձգում է աթոռի վրա): Ա՛հ հոգնեցի։ (Նստում է. Սողոմոնին չի նկատել):

ՍՏԵՓԱՆ. Առաջին անգամն եմ լսում ձեզանից հոգնեցի բառը։