Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/60

Այս էջը հաստատված է

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (ժպտալով): Երևի պառավել եմ։ (Սամսոնին տեսնելով, արագ ոտքի է կանգնում և դիմում է դեպի աջ կողմի երկրորդ դռները: Նկատում է դաշնամուրը ծածկված և թեթև նշում): Ա՛հ։ (Կանգ է առնում):


ՍՏԵՓԱՆ. (Վախեցած մոտենալով): Ի՞նչ պատահեց։

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Տեսե՛ք, ի՛նչ են արել, բժիշկ։

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ (Երևում է ձախ կողմի առաջին դռների միջև):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Հայրի՛կ, նայիր, նրանք ուզում են ինձանից խլել իմ մխիթարությունը։ Ո՞ւմն է այդ դաշնամուրը։

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Քոնը։ Հանգուցյալ մորդ նվերն է։

ՍԱՄՍՈՆ. (Կանգնած է դեպի ձախ և ակնածությամբ դիտում է տեսարանը): Ճիշտ է։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ուշադրություն չդարձնելով Սամսոնի կողմը): Ուրեմն ի՞նչ իրավունքով են ինձ զրկում նրանից։ Հայրիկ, դու գիտես, որ ես առանց նվագելու մի օր անգամ չեմ կարող ապրել, իսկ նրանք ծածկել են դաշնամուրը, որպեսզի ես չնվագեմ։ Բայց այդ ես թույլ չեմ տալ։ Ո՜չ։ (Արագ քայլերով մոտենում է ձախ կողմի առաջին դռներին): Մելանիա։ (Ավելի բարձր): Մելա՜նիա։


ՏԵՍԻԼ 11



ՆՈԻՅՆՔ, ՄԵԼԱՆԻԱ, նետո ԵՂԻՍԱԲԵԹ և ՎԻՐԳԻՆԵ


ՄԵԼԱՆԻԱ․ (Շուտով գալիս է ձախ կողմի առաջին դռներով): Այստեղ եմ, տիկին։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ո՞վ է ծածկել դաշնամուրը։

ՄԵԼԱՆԻԱ. Ես ու Գարեգինը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ո՞ւմ հրամանով։

ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկնոջ։

ԵՂԻՍԱԲԵԹ. (Երևում է ձախ կողմի երկրորդ դռների միջև):
ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է մոր կողքին, դուրս գալով ձախ կողմի առաջին դռներով):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ո՞ւր են իմ նոտաները։

ՄԵԼԱՆԻԱ. Մեծ տիկնոջ սենյակում։