Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/62

Այս էջը հաստատված է

մտածելու, ազատ զգալու, այս տունը մտնելու օրից զգացել եմ ստրկության գարշելի լուծը։ Եվ որքան ծանր է եղել այդ լուծը, այնքան ավելի եմ ատել ձեզ։ (Վիրգինեին)։ Ինչ վերաբերում է ձեզ, զզվելով զզվում եմ ձեզանից․․․ օ՜ձ։


ՎԻՐԳԻՆԵ. Մայրիկ, լսեցի՞ր։ Լսեցի՞ր, եղբայր։ Ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես խոսում։ Քո մոր ու քրոջ պատիվը գին չունի՞ քեզ համար։ Ա՛հ, ես կտրաքեմ։

ՍԱՄՍՈՆ․ Ստեփա՛ն, հեռացրու նրան այստեղից։

ՍՏԵՓԱՆ. (Բռնելով Վիրգինեի թևից): Գնանք, գնանք, ասում եմ, դու կրակի վրա յուղ ես ածում։ (Գրեթե ուժով տանում է Վիրգինեին ձախ կողմի աոաջին դռներով և ետ է գալիս):


ՏԵՍԻԼ 12



ՆՈԻՅՆՔ, առանց ՎԻՐԳԻՆԵԻ


ԱՐՄԵՆՈՒՀԻ․ Չգիտեմ, ո՞ր բարոյական օրենքով է մեկն իշխում մյուսի վրա։ Ա՜հ, գիշեր-ցերեկ իմ ականջներին հնչել է մի չոր, անախորժ ձայն. «Դու կին ես, ուրեմն ստրուկ ես, որովհետև ես էլ ժամանակին ստրուկ եմ եղել։ Ինչպես ինձ հետ են վարվել նույնպես և ես պիտի վարվեմ քեզ հետ։ Խեղդիր քո մեջ քո կամքը և լսիր ինձ, քո ամուսնուն, նրա ազգականներին։ Վարիր բուսական կյանք, կեր, խմիր, պճնվիր, ծախսիր—այս բոլորը թույլ ենք տալիս, բայց ազատ մի՛ զգար քեզ, այդ արգելված է։ Դու քո ամուսնու ընկերը չես, հավասարը, այլ նրա հյուրին, նրա ազատ րոպեների զվարճալիքը։ Վերջապես դու պետք է փառաբանես քո ճակատագիրը, որ քեզ գցել է մի հարուստ տուն»։

ԵՂԻՍԱԲԵԹ․ (Սամսոնին): Ինչո՞ւ չես ասում, որ քաղցածությունից ենք ազատել նրան, պատռոտված կոշիկներից ենք դուրս բերել։

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Բարկությունից դողալով): Սո՜ւտ է, սո՜ւտ է, մենք երբեք քաղցած չենք եղել։ Օ՛հ, ինչո՞ւ դու տղամարդ չես, պառավ, օ՜հ...