ինձ զարմացած։ Համարի՛ր ինձ ասիացի, վայրենի, այնուամենայնիվ ես պիտի գործադրեմ իմ իրավունքները։ Հիմար չէին մեր հայրերն ու պապերը, որ մտրակով էին խրատում իրանց կանանց։
ՎԻՐԳԻՆԵ. Իհարկե, կապը կտրած կանանց։
ՍՏԵՓԱՆ. Լռելո՞ւ ես, վերջապես, թե չէ։
ՍԱՄՍՈՆ. Օրենքով իմ կինն է, էսպես էլ ինձ պիտի պատկանի։ Ես անձեռոցիկ չեմ, որ կեղտոտվելուց հետո դեն շպրտի և մի ուրիշը վերցնի։ Գիտեմ ինչ ասել է փոխադարձ համակրանք, գաղափարական ձգտում և այլն։ Այսօր հոգով են միացած, վաղը մարմնով կմիանան։
ԵՂԻՍԱԲԵԹ․ Ա՛յ, ես էլ հենց այդ եմ ասում։
ՎԻՐԳԻՆԵ. Վերջապես։
ՍՏԵՓԱՆ. (Անհամբեր): Քիչ գրգռեցեք այդ մարդուն, քիչ գրգռեցեք։
ՍԱՄՍՈՆ. (Սպառնալով դեպի աջ կողմի երկրորդ դռները): Սպասի՛ր, գոռոզ արարած, այժմ ես քեզ ցույց կտամ իմ ատամները։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՍՏԵՓԱՆ. (Սամսոնի հետևից): Գլորվիր, գլորվիր մինչև անդնդի հատակը։ (Դառնալով Եղիսաբեթին և Վիրգինեին): Դուք կզղջաք ձեր վարմունքի համար, բայց ուշ կլինի։ (Գնում է ձախ կողմի առաջին դոներով):
ՎԻՐԳԻՆԵ. Դու ոչինչ չես հասկանում։ (Գնում է Ստեփանի հետևից):
ԵՂԻՍԱԲԵԹ. Մենք մեր պարտքն ենք կատարում։ (Գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):
Վ ա ր ա գ ո ւ յ ր