Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/71

Այս էջը հաստատված է

կեկել։ Մաղձս է շարժվում, երբ դու խոսում ես այդ եղանակով։ (Քայլում է):


ՎԻՐԳԻՆԵ․ Կեկել եմ, թե փեփել, բայց քեզ հավատարիմ եմ, նրա նման չեմ։

ՍՏԵՓԱՆ․ Իսկ նա հավատարիմ չէ՞։

ՎԻՐԳԻՆԵ․ Լսեցի՞ր ինչ ասաց երեկ եղբայրս․ «Այսօր հոգով են միացած, վաղը մարմնով կմիանան»։ Խե՛ղճ եղբայր, ինչպես է տանջվում։ Ե՛վ ում համար, աստված իմ, ո՞ւմ համար։

ՍՏԵՓԱՆ․ (Կանգ առնելով): Ա՛խ, կարճամիտ, կարճամիտ։ Եթե դու մի քիչ խելք ունենայիր, հալածելու փոխարեն, կպաշտպանեիր նրան։

ՎԻՐԳԻՆԵ. (Հեգնությամբ): Ահա թե ի՜նչ։ Հետաքրքրական է իմանալ, ինչո՞ւ պիտի պաշտպանեի։

ՍՏԵՓԱՆ. Որովհետև նա մի կենդանի բողոք է կնոջ վիրավորական և ստորացուցիչ կացության դեմ։ Նա չի ուզում ոչխարի հեզությամբ տանել իր վիճակը։ Բայց ես ինչպե՜ս քեզ բան հասկացնեմ։ Է՜հ, արեք ինչ որ ուզում եք, ես ձեռներս լվանում եմ։ (Դիմում է դեպի պատշգամբ):

ՎԻՐԳԻՆԵ․ Դու այսօ՞ր ես ուզում գնալ։ (Հետևում է Ստեփանին):

ՍՏԵՓԱՆ․ Հենց այս րոպեին։ (Հեռանում է):


ՏԵՍԻԼ 2



ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գալիս է խորքի դռնակով Սողոմ Սողոմյանի հետ): Ես չեմ հասկանում ձեր լեզուն՝ «թեև այդպես է, բայց և այնպես», «հանգամանքների նրբության պատճառով» և այլն և այլն։ Խնդրեմ պարզ խոսեք։

ՍՈՂՈՄ. (Գալիս է խորքի դռնակով, միշտ հետևելով Կոտանդինին մի քայլ ետ)։ Պարոն գնդապետ, իսկապես խնդիրը շատ պարզ է, թեև բացատրելու և լուսաբանելու կողմեր շա՛տ ունի։ Բանն այն է, որ...