Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/72

Այս էջը հաստատված է

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Անհամբեր): Բանն ի՞նչ է, ես հենց այդ եմ ուզում իմանալ։


ՍՈՂՈՄ․ Բարեկամական և ազգակցական կապերն ինձ հարկադրում են ասել, որ դուք կոչված եք մի ընտանեկան թյուրիմացություն հեռացնելու։ Իսկապես ասած, թյուրիմացություն էլ չկա, բայց և այնպես թյուրիմացություն պիտի համարել, քանի որ երկու կողմերն էլ համահավասար իրավացի են։

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ (Մեկուսի): Տե՜ր ողորմած աստված։ (Սողոմ Սողոմյանին): Ասացեք, ի սեր երկնավորի, դուք ի՞նչ հանձնարարություն ոնիք իմ վերաբերմամբ։

ՍՈՂՈՄ․ Կարելի է հանձնարարություն համարել, կարելի է պարտականություն, նայելով թե խնդրին որ կողմից կբարեհաճեք մոտենալ։

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ (Հասնելով բեմի կենտրոն, կանգ է առել): Լսեցե՛ք, պարոն։ Ես մի պարզ զինվորական եմ, դուք նախկին ուսուցիչ։ Մենք դիպլոմատներ չենք, որ տավարը ասեղով մորթենք։ Պատասխանեցեք, առանց պատեպատ ընկնելու։ Ի՞նչ է հրամայել ձեզ իմ փեսան ինձ ասելու։ Գիտե՛ք, ես գրգռվում եմ, ես զգացմունքի մարդ եմ։

ՍՈՂՈՄ․ Զգացմունքի մարդ լինելն ազնիվ բան է, թեև վնասակար։ Մի փիլիսոփա ասել է. «Կյանքը ողբերգություն է նրանց համար, որոնք զգում են, և կոմեդիա նրանց համար, որոնք մտածում են»։ Արդ, դուք զգացող, ես մտածող միանանք և այդպես մոտենանք խնդրին։

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ (Ամուր թողնում է Սողոմ Սողոմյանի թևը, թափահարում է): Ասելո՞ւ եք, վերջապես, թե չէ... Ի՞նչ է պահանջում ինձանից ձեր քրոջ որդին, իմ աղջկա ամուսինը։

ՍՈՂՈՄ. (Ցավ զգալով): Պահանջում է, որ...

ԿՈՍՏԱՆԴԻՆ․ (Լրացնելով)... Որ ես հեռանամ այս տնից, այնպես չէ՞։ Գնամ, կորչեմ․․․ աա՜։

ՍՈՂՈՄ․ Թեև կատարելապես այդպես չէ, բայց և այնպես։ Սակայն թևս բաց թողեք... ցավեցնում եք։ Մի իմաստասեր ասել է․ «Ով ուրիշին․․․ ցավում է»․․․