Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/73

Այս էջը հաստատված է

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Բաց թողնելով նրա թևը): Դե՛, հեռացեք, այժմ հասկացա ձեզ, պարոն դիպլոմատ։

ՍՈՂՈՄ. Ինձ թվում է, որ ավելորդ չէր լինի մի քանի դետալներ բացատրել։
ՈՍՏԱՆԴԻՆ. (Բարձր ձայնով): Հեռացե՛ք։ (Նստում է վրդովված և մտածում է):
ՍՈՂՈՄ. Չնայելով, որ շատ բարի մարդ եք, բայց և այնպես բարի չեք... Սակայն թեև... Իսկապես ասած... (Հեռանում է պատշգամբով, մի քանի անգամ երկյուղով ետ ու ետ նայելով):


ՏԵՍԻԼ 3

ԿՈՍՏԱՆԴԻՆ և ԱՐՄԵՆՈԻՀԻ


ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գալիս է պատշգամբից: Հագած է ուրիշ ամառային հագուստ: Համեմատաբար զվարթ է արտաքուստ): Ի՞նչ էր ասում մեր պատվելին, հայրիկ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Գրգիռը զսպել է): Ասում էր՝ թեև այսօր չորեքշաբթի է, բայց կարող էր և հինգշաբթի լինել։ Դու, երևի, ուզում ես տնից դուրս գալ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մոտեցել է համակին և շալը վերցրել): Այո՛, հայրիկ, գնում եմ իմ սովորական զբոսանքը կատարելու։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սպասիր մի քանի րոպե։ Խոսք ունիմ քեզ ասելու։ (Նստում է):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Շալը ետ դնելով, գալիս է բեմի կենտրոնը)։ Հրամայի՛ր, հայրիկ։
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Այս երեկո ես հեռանում եմ այստեղից և երբեք ոտ չեմ դնելու այս տունը։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Հառաչելով): Հասկանում եմ, հայրիկ։ (Նստում է
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ես կարծում էի իմ ներկայությունը կարող է քեզ օգնել, բայց դուրս է գալիս հակառակը։ Ինչևէ, խնդիրը ես չեմ։ Ասա՛, Արմենուհի, մտադի՞ր ես Սամսոնի հետ հաշտվելու։